Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձն ազատ է արձակվել

Dec 16, 2018 1 Comment

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձը ազատ է արձակվել:

32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016 թվականի ապրիլի 15-ին` ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ: Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարանում օրենքով սահմանված կարգով ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվականից հաշվառված է իրենց կենտրոնում` «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:

Թիվ 34 եզրակացության համաձայն` «մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրադյանին հարկ է ճանաչել անմեղսունակ. ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք: Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործն ուղարկել դատարան: Եվ ահա շուրջ երկու տարի է, ինչ Հովհաննես Մուրադյանը հարկադիր բուժում է ստանում հոգեբուժարանում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ նա մշտապես դիմում էր հանձնաժողովին` հայտնելով, որ ինքը առողջացել է, սակայն ազատ չէին արձակում, քանի որ բժիշկները գտնում էին՝ նրա առողջական վիճակը կարգավորված չէ: Եվ ահա օրերս հանձնաժողովը արձանագրել է, որ նրա առողջական վիճակը կարգավորվել է, եւ նրան ազատ են արձակել, ու նրա նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոցը վերացվել է օրենքով սահմանված կարգով» :

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձն ազատ է արձակվել” հրապարակմանը

  1. Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձն ազատ է արձակվել — Haynews says:

    […] Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նե… […]