Վրաստանի առաջին նախագահի երկու որդիները հացադուլ են հայտարարել

Dec 16, 2018 Comments Off on Վրաստանի առաջին նախագահի երկու որդիները հացադուլ են հայտարարել

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի երկու որդիները երկրորդ օրն է՝ Գլխավոր դատախազության շենքի ներսում հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ավարտին հասցնել իրենց հոր սպանության գործը և նոր հետաքննություն սկսել:

«Ռուսթավի 2» ՀԸ-ին տված հարցազրույցում հանգուցյալ նախագահի 2 զավակները հայտարարել են, որ ելնելով գործի յուրօրինակությունից՝ դրա վրա չպետք է տարածվի վաղեմության ժամկետի դրույթը, և հետաքննությունը պետք է շարունակվի, առավել ևս, երբ դատախազությանը հայտնի է մարդասպանի անունը:

Զվիադ Գամսախուրդիան անկախ Վրաստանի առաջին նախագահն էր: Ընտրվել էր 1991թ: Պաշտոնանկ էր արվել 1992թ՝ «թբիլիսյան պատերազմներ» անունը ստացած քաղաքացիական դիմակայության հետևանքով: Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 31-ին՝ անհայտ հանգամանքներում: Ընտանիքի պահանջով մահվանից 2 ամիս անց դիակը տեղափոխվել է Գրոզնի: Այստեղ ծայր առած մարտական գործողությունների ժամանակ դիակն անհետացել էր: Գտնվել է 2007 թ, տեղափոխվել Թբիլիսի ու թաղվել պանթոնում:

Մահվանից անմիջապես հետո անցկացված հետաքննության արդյունքներով՝առաջին նախագահն ինքնասպան էր եղել: Սաակաշվիլիի իշխանություննը առաջինն էր, որ կասկածի տակ դրեց ինքնասպանության վարկածն ու հետաքննություն սկսեց: Դրա եզրակացության հիման վրա 2015թ Գլխավոր դատախազությունը ինքնասպանությունը վերաորակեց սպանություն և նոր քրեական գործ սկսեց:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: