Առաջիկայում գաղտնալսում իրականացնողները կհայտնաբերվեն

Dec 15, 2018 Comments Off on Առաջիկայում գաղտնալսում իրականացնողները կհայտնաբերվեն

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք:

Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Քննչական խմբի ղեկավարը երբեք ինձ չի զանգել ու չի կարող զանգ տալ: Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում ձեզ պատասխանները կտրվեն: Ինչ վերաբերում է գաղտնալսման բովանդակությանը: Եթե ես չարձագանքեի, ոչ ոք ինձ ոչինչ չէր կարող ասել, կարող էի ասել՝ սուտ է, գնայի առաջ, ոչ ոք չէր կարող հիմնավորել, որ դա իմ խոսակցությունն է: Բայց հենց առաջին օրը եկել եմ, նստել լրատվամիջոցների դիմաց ու խոսել: Ես իմ խոսակցությունների մեջ որևէ բառ չեմ ասել, որևէ միտք ու խոսք չի եղել, որը կարող է բացասական անդրադարձ ունենալ: Ընդհակառակը, գաղտնալսումներն ինչ-որ մի տեղ լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն, կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի, և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսում իրականացնողները կհայտնաբերվեն և կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը: Իսկ եթե երբևէ կլինի մի բան, որի համար պատասխան պիտի տամ ես, այսօր կլինի, վաղը կլինի, տասը տարի հետո կլինի, ես պատրաստ եմ իմ ցանկացած խոսքի համար պատասխան տալու»,- ասաց Վանեցյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: