Մի քիչ կույս, մի քիչ հղի, ինչու Արմեն Գեւորգյանին չկալանավորեցին

Dec 16, 2018 Comments Off on Մի քիչ կույս, մի քիչ հղի, ինչու Արմեն Գեւորգյանին չկալանավորեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը:
«Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Ես կարծում եմ, որ,այս պահի դրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանով, որքանով հաշվի են առնվել դատական նիստերի ժամանակ մեր փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ մենք այլևս անելիք չունենք, մենք շարունակելու ենք ապացուցել իմ անմեղությունը»,-նիստից հետո հայտարարել է Գեւորգյանը:
Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ լավատեսությամբ է վերաբերում իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, և թեև մեղադրանքները ծանր են, բայց կարևորն այն է, որ ինքը դրանք չի ընդունում:
2018ի օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդհոդվածի3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Արմեն Գեւորգյանը համարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ անձանցից մեկը եւ մի կողմից զարմանալի ու անակնկալ էր նրա նկատմամբ կայացրած վճիռը՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրությունն է լուծում երկրորդ նախագահի նկատամբ եւ իրավաբանական խարխուլ հիմնավորմամբ Քոչարյանին պահում է անազատության մեջ, ավելին կալանքի տակ է պահում նաեւ երկրորդ նախագահի շրջապատի առանցքային դեմքերից Սամվել Մայրապետյանին ու թվում էր, թե հաջորդը լինելու է Արմեն Գեւորգյանը, բայց ոչ: Ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանի կողմից ակնհայտորեն ուղղորդվող դատարանը նման որոշում կայացրեց, կարծում ենք մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար: Բանն այն է, որ Ռուսաստանը սեղմել է օղակը Հայաստանի վզին եւ Նիկոլ Փաշինյանին այլ ելք չի մնում, քան դուրս գալ այդ վիճակից: Ինչպես հայտնի է մինչեւ երեկ պաշտոնական Մոսկվան քար լռություն էր պահպանում դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Մոսկվան առիթի էր սպասում, որպեսզի ցույց տա իր իրական վերաբերմունքը Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ՀԱՊԿ-ին հասցված հարվածի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովին՝ ներհայաստանյան քաղաքական գործընթացներին ադապտացվելու կոչի և այլնի համար:

Հարկ է շեշտել, որ Վլադիմիր Պուտինը անձամբ չի թաքցրել իր անձնական վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, ինչի վկայությունն էր այս տարի Հայաստանի երկրորդ նախագահին Պուտինի կողմից ուղղված ծննդյան շնորհավորանքը: Հիմա Ռուսաստանը, ըստ էության, բացահայտ ցուցադրում է իր վերաբերմունքը, որը ծաղրից վերեւ չի բարձրանում: Այդ մասին է վկայում Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովայի՝ ընտրությունների վերաբերյալ հայտնի արձագանքը: Հիշեցնենք, որ Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:

Թե ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հարցին, նա պատասխանել ․«Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՌԴ նախագահ Պուտինը ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, շնորհավորել էր Սերժ Սարգսյանին՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցության հաղթանակի առիթով:Բացի Պուտինից՝ Նիկոլ Փաշինյանին դեռ չեն շնորհավորել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ղեկավարները: Այս իրողությունից թերեւս նեղված Փաշինյանը որոշել է մի քիչ սիրաշահել Ռռուսաստանին եւ կալանքի սանկցիա չտալ Արմեն Գեւորգյանին: ՀՀ ղեկավարությանը թվում է, որ մի քիչ հղի, մի քիչ կույս վիճակներով կարող են պետություն ղեկավարել ու կառուցել հարեւանների հետ հարաբերությունները:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: