Լևոն Մնացականյանի հրաժարականի պատճառը․ մեկնաբանություն` Արցախից

Dec 14, 2018 Comments Off on Լևոն Մնացականյանի հրաժարականի պատճառը․ մեկնաբանություն` Արցախից

Լևոն Մնացականյանն իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել և ոչ պակաս կարևոր պաշտոնի է նշանակվել՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի։ Այդ մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Մնացականյանն ազատվեց պաշտոնից։

«Նա մեծ վաստակ ունի․ մեր լավագույն գեներալներից է, անցել է մեծ ճանապարհ՝ արցախյան առաջին պատերազմը, ապրիլյան պատերազմը։ Մնացականյանը մեծ ավանդ ունի բանակաշինության գործում, մեծ հարգանք է վայելում բանակում։ Մյուս կողմից էլ, մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ պաշտպանության բանակն, իրոք, կայացած, հզոր համակարգ է։ Այնտեղ կան վառ անհատականություններ և հզոր համակարգ բարձրագույն, միջին և ստորին օղակում: Դա մեր ամենամեծ ձեռքբերումներից է, այսինքն՝ մեզ հաջողվել է այնպիսի համակարգ ստեղծել, որ առանց պարտությունների տարբեր հրամանատարներ կարող են միմյանց փոխարինել»։

Հարցին՝ Ջալալ Հարությունյանի նշանակումը ՊԲ հրամանատարի պաշտոնում ինչո՞վ է պայմանավորված, Բաբայանն ասաց․

«Նա էլ անցել է հարուստ ճանապարհ․ և՛ տեսական, և՛ պրակտիկ գիտելիքներ ունի, մարդկային և մասնագիտական որակներ։ Կարծում եմ՝ նույն եռանդով էլ կշարունակվի բանակաշինության գործը»։

Որևէ խնդիր, արտառոց որևէ բան տեսնո՞ւմ է Բաբայանն այս շրջանում կատարված վերոնշյալ փոփոխության մեջ, նա ասաց՝ «Ոչ, ոչ»։

Բաբայանը նշեց, թե կադրային փոփոխությունները դինամիկ գործընթաց են։ Դիտարկմանը, թե կարծիք կա՝ այս պաշտոնի փոփոխության վրա ազդեցություն ունեցավ նաև Հայաստանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, Արցախի նախագահի խոսնակն ասաց, որ հանդիպմանը քննարկվել են լայն շրջանակի հարցեր։

«Այդ հանդիպումները երբևիցե պետք չէ մենամարտի պես դիտարկել։ Մեկը դուրս է գալիս, մյուսը նշանակվում է։ Աժիոտաժ պետք չէ անել»,-շեշտեց նա։

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց գնդապետ Ջալալ Հարությունյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: