Դատարանը հրապարակում է Արմեն Գևորգյանի կալանքի վերաբերյալ որոշումը

Dec 14, 2018 Comments Off on Դատարանը հրապարակում է Արմեն Գևորգյանի կալանքի վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 16:00-ին հրապարակելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերալ որոշումը: Դեկտեմբերի 11-ին կալանքի միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Երեկ դատարանն ավարտեց կալանքի միջնորդության քննությունը: Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, նույնը նա պնդել է նախաքննական ցուցմունքի մեջ: Նշենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ իրենք ներկայացրել են փաստեր, թե ինչու Արմեն Գևորգյանի խափանման միջոցը չպետք է կալանքը լինի։ Նրա խոսքով՝ նաև ներկայացրել են գրավի միջնորդություն, սակայն քննիչն առարկել է: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: