Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել տոն օրերին զգոն լինել Հայաստանում. պարզաբանում են դեսպանատնից

Dec 14, 2018 Comments Off on Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել տոն օրերին զգոն լինել Հայաստանում. պարզաբանում են դեսպանատնից

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունը, որում տոնական օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում զգոն լինել, քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Ի թիվս այլ վտանգների՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբողջ Եվրոպայում կան նաև շարունակական սպառնալիքներ, որոնք առաջ են գալիս անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և անհատների կողմից, ովքեր ոգեշնչված են ծայրահեղական գաղափարախոսությամբ։

«Էքստրեմիստները շարունակում են կենտրոնանալ տուրիստական վայրերի վրա, ինչպիսիք են առևտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, տրանսպորտային հանգույցները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սոցցանցերում հարցի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանում գտնող ԱՄՆ քաղաքացիներն առաջին անգամ են նման հաղորդագրություն ստանում։

Հաղորդագրության վերաբերյալ 168.am-ը պարզաբանում խնդրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Մեր հարցին՝ ինչո՞ւ այս տարի նման հաղորդագրություն տարածվեց ԱՄՆ դեսպանատան կողմից, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մեզ ուղարկեցին հետևյալ գրավոր պատասխանը.

«Արտերկրում բնակվող կամ ճանապարհորդող ամերիկացիների անվտանգության ու ապահովության հարցերը ԱՄՆ Պետքարտուղարության առաջնահերթ խնդիրներից են, ուստի աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսարանները հրապարակում են տեղեկություններ անվտանգության և ապահովության հարցերին առնչվող իրավիճակի վերաբերյալ՝ պայմանավորված նաև սեզոնային որոշակի դրսևորումներով, ինչպիսին է, օրինակ՝ տոների շրջանը: Տեղեկատվությունը նախատեսված է ճանապարհորդող ամերիկացիների համար, որպեսզի նրանք պատկերացում ունենան, թե անվտանգության մասով ինչ ռիսկեր կարող են լինել, և հոգ տանեն իրենց անձնական անվտանգության մասին»։

Ի դեպ, ԱՄՆ դեսպանատունը նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև մյուս երկրներում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: