Սիրո՞ւմ է, թե՞ պարզապես չի հարգում

Dec 15, 2018 Comments Off on Սիրո՞ւմ է, թե՞ պարզապես չի հարգում

Ռուսաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է, թե Մոսկվան և Երևանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն: «Մենք հսկայական ներուժ ունենք, կան բոլոր հնարավորությունները ՝զարգացնելու և պահպանելու այն դինամիկան, որի հիմքը դրվել է նախկինում: Մենք երկկողմ հարաբերությունների արտակարգ լավ դինամիկա ենք ունեցել, որոնք կառուցվել են տարիներով, իր նպաստը բերելով երկու երկրների ժողովուրդներին: Կարծում եմ՝ Հայաստանում գիտեն, թե որքան է Ռուսաստանը ներդրել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, թե՛ քաղաքական կամք, թե՛ նյութական ռեսուրսներ։ Եվ ես կրկնում եմ՝ մենք միշտ շահագրգռված ենք, որ մեր հարևանները, մեր բարեկամ ժողովուրդները բարգավաճեն: Դա առաջին հերթին մեր շահերից է բխում»,-ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ դինամիկան պետք է պահպանել, և գուցե նայել համագործակցության նոր ուղիներ:

Հետաքրքրականն այն է, որ սա ասվում է այն դեպքում, երբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո Կրեմլը հարկ էլ չհամարեց շնորհավորել ԱԺ-ում մեծամասնություն ձևավորած Փաշինյանին:

Յուրահատուկ «ներուժ» է հայ-ռուսական փոխհարաբերություններում, մեզ «սիրում» են, բայց ըստ ամենայնի՝ չեն հարգում:

Ի դեպ, Մարիա Զախարովան արձագանքել է քննարկումներին, թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:

Tert.am-ը Մարիա Զախարովային ներկայացրել է, որ քննարկումներ և արդեն վերլուծություններ կան նրա մասին, թե ինչու ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել: Դիտարկմանը, թե ինքը ինչպես կմեկնաբանի փաստը՝ ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանել է․ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»: Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքել է․ «Արդեն պատասխանել եմ»:

Յուրօրինակ լեզվով են սկսել խոսել Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների մասին հարցերին պատասխանելիս: Տպավորություն է, որ Ռուսաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են Փաշինյանի կառավարության նկատմամբ անլուրջ վերաբերմունք ցույց տալ:

Ու տարօրինակն այն է, որ դա նրանց հաջողվում է: Նրանք մեկ ասում են՝ հարաբերությունների զարգացման ներուժ կա, մյուս կողմից այդ հարաբերությունները հարգելու ուղղությամբ տարրական կանոններ չեն պահում՝ հարկ էլ չհամարելով շնորհավորել:

Ահա, այսպիսի ռազմավարական դաշնակից:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: