Պուտինի ու Ալիևի համար բարենպաստ է. ի՞նչ են Բաքվում ասել Լավրովի ականջին

Dec 15, 2018 Comments Off on Պուտինի ու Ալիևի համար բարենպաստ է. ի՞նչ են Բաքվում ասել Լավրովի ականջին

Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Ի դեպ, Լավրովը Բաքու է ժամանել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին։ Նախատեսված են նաև նրա բանակցությունները Ադրեբջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն կա, և այն վարվում է։ Նրա խոսքով, դա ակնհայտ է: Նման հայտարարություն նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում և ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Զախարովան նշել է, որ երկխոսությունը կա, այստեղ պաշտոնական հայտարարություն պետք չէ: «Ռուսաստանը, ելնելով համանախագահների դերից, ակտիվորեն կնպաստի դրական դինամիկային, ուղղված գլխավոր նպատակին հասնելուն»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե կոչի ներքո ենթադրվում է երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստելը, նա նշել է, որ դա կոնկրետ քայլերի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, դրանով պետք է զբաղվեն կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Խոսելով այն մասին, թե կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորումը Բաքու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, Զախարովան շեշտեց՝ հակամարտության կարգավորումը միշտ կենտրոնական թեմաներից մեկն է տարածաշրջան ԱԳ նախարարի այցերի և շփումներ ժամանակ։ «Ե՛ւ Երևանում, ե՛ւ Բաքվում միշտ քննարկվում է։ Սա հիմնական թեմա է։ Ռուսաստանը այդ գործընթացի համանախագահներից է»,- եզրափակել է Զախարովան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ կարծում է, որ այս պահին բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար. «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար: Կան բազմաթիվ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում այսպիսի հայտարարության համար»,- ընդգծել է Ալիևը: Նրա խոսքով՝ առաջին հերթին, դա առաջին հերթին Ադրբեջանի աճող ներուժն է, տնտեսական, ռազմական և քաղաքական ուժը, ամրապնդվող միջազգային դիրքերը: «Մենք շարունակում ենք իրականացնել մեր հետևողական քաղաքականությունն այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Ալիևը նշել է, որ այսօր միջազգային թատերաբեմում Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում: «Աճում է մեր միջազգային հեղինակությունը, որի մասին ես բազմիցս եմ խոսել, և սրանք միայն խոսքեր չեն: Միջազգային հարաբերությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշումները»,- ասել է նա:

Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շարունակում են ղարաբաղյան ճակատում միասնական քննարկումները: Այստեղ հետաքրքրականն այն է, որ Մոսկվա-Երևանում մակարդակում ղարաբաղյան հարցով նման հարցեր չեն քննարկվում:

Այլ է պատկերը Ռուսաստան-Ադրբեջան մակարդակում: Ավելին՝ Ալիևը Լավրովի ականջին ասում է՝ «բարենպաստ պայմաններ» են ստեղծվել:

Հետաքրքիր է, այդ ի՞նչ է ասել Լավրովը Բաքվում Ալիևին, որ նա համարում է, որ բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն ասում են, որ հայկական կողմը զիջելու ոչինչ չունի, Ստեփանակերտը պետք է որոշի:

Ըստ ամենայնի, Մոսկվան ու Բաքուն սեպարատ համաձայնությունների են փորձում գալ, և որոշել են դրա մասին որոշ դրվագներ հրապարակայնացնել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: