Տրագիկոմեդիան շարունակվում է

Dec 15, 2018 Comments Off on Տրագիկոմեդիան շարունակվում է

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բելառուսի անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի հետ Աստանայում տեղի ունեցած հանդիպմանը նրան աջակցություն է հայտնել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին ասվում է Ղազախստանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշում են կայացրել սատարել Ձեր թեկնածությունը, որն առաջարկվել էր Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի կողմից: Դուք արդեն հանդիպել եք կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղըրղզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ Ձեր հանդիպումները լավ են անցել»,- ըստ հաղորդագրության՝ ասել է Նազարբաևը:

Նազարբաևը կարծում է, որ Զասն ունի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները այդ պաշտոնում աշխատելու համար: «Դուք զինվորական եք և ունեք համապատասխան կրթություն: Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք կսատարենք Ձեզ»,- ասել է նա: Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է ՀԱՊԿ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու կարևորությունը:

Ծաղրը ՀԱՊԿ-ի շուրջ, այսպիսով, շարունակվում է…  Օրեր առաջ Լուկաշենկոն հայտարարեց, որ որոշում կա գլխավոր քարտուղարի հարցով, հիմա էլ Նազարբաևն է շարունակում թեման ասելով, թե օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում բոլոր երկրների ղեկավարները որոշում են ընդունել սատարելու Բելառուսի թեկնածուին: Դրան հաջորդել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքը, նա վստահեցրել էր, որ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ։

Երեկ կրկին պաշտոնական Երևանը հերքել է: Հայաստանը շարունակում է պնդել, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել: Արման Եղոյանը՝ արձագանքելով Նարզարբաևի հայտարարությանը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասել է. «Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»։

Այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։  Դեկտեմբերի 6-ի դռնփակ հանդիպումներից հետո Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե որոշումը, ըստ էության, կայացվել է՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսից: Եվ Հայաստանի, և Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակներ սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո հերքել էին Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ պնդելով՝ գլխավոր քարտուղարի հարցը մնում է չլուծված:

Թե որքան կշարունակեն ՀԱՊԿ-ականները ստորացնել Հայաստանի ձգտումը՝ պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ պարզ չէ: Թվում է, թե այնքան, որքան ձգձգվի հարցը:

Իսկ Ռուսաստանն, ակնհայտորեն հաճույք է ստանում պրոցեսից, թվում է, որ նրանք հակված կլինեն թողնել հարցի ձգձգումը, որպեսզի Հայաստանը ավելի շատ խոսի, իսկ ՀԱՊԿ-ականներն ավելի շատ հերքեն, ու այդպես շարունակ…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: