Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է

Dec 14, 2018 Comments Off on Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ ընդլայնել հարաբերությունները բոլոր մակարդակներով.

«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ՝ անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին»:

Թրեյսիի խոսքերով՝ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը երեք ուղղություններով. կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ լրատվամիջոցների աջակցություն:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սենատոր Մենենդեզի հարցին՝ Լինն Թրեյսին նշել էր, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի իր լիազորությունների սահմաններում անելու է ամեն ինչ «ճանաչելու և հարգելու կորուստները և տառապանքները» և մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին.

«1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ և կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ միասին Սենատի հանձնաժողովը հաստատել է նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավար դեսպան Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: