«Նման խոսակցություն մեր եւ Արցախի նախագահի միջեւ չի եղել». Վիտալի Բալասանյան

Dec 13, 2018 Comments Off on «Նման խոսակցություն մեր եւ Արցախի նախագահի միջեւ չի եղել». Վիտալի Բալասանյան

Կարճ ժամանակ անց պաշտոնական հայտարարությունը կլինի, սպասենք պաշտոնական հայտարարությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության մասին լուրերին:

Կայքը նշում է, որ հավաստի աղբյուրների համաձայն Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության հրամանը թեեւ դեռ չի եղել, բայց տեղեկատվությունը ստույգ է։

Նրա փոխարեն նշանակվելու է Կարեն Աբրահամյանը՝ Արցախի բանակի գլխավոր շտաբի պետը։ Վերջինս երեկվանից Երեւանում է գտնվում՝ հանդիպումներ ու հարցազրույցներ է անցնում ՀՀ իշխանությունների մոտ՝ այդ պաշտոնում նշանակվելու համար։

Ինչ վերաբերում է լուրերին, որ պաշտոնից հեռացվելու են նաեւ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը, որոնք արձագանքել էին «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հայտարարություններին եւ արժանացել Փաշինյանի զայրույթին, Վիտալի Բալասանյանն ասել է. «Այն լուրերը, որոնք տեղ են գտել մամուլի էջերում, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ե՛վ ես, եւ՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել, մենք ունենք անցած ճանապարհ, քրտնաջան աշխատել ենք։ Նման խոսակցություն մեր եւ մեր հանրապետության նախագահի միջեւ ընդհանրապես չի եղել, համոզված եմ, որ չի էլ լինելու, եւ մենք մեր աշխատանքային պարտականությունները շարունակում ենք կատարել՝ ի շահ մեր պետականության, ի բարօրություն մեր ամբողջ ժողովրդի:

Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հայտնի զարգացումներից հետո մենք բազմիցս տեսանք, որ տարբեր մարդիկ տարբեր թեմաներ են դնում շրջանառության մեջ։ Չեմ կարող ասել՝ այդ մարդիկ ինչո՞ւ են հեղեղել մամուլը նման տեղեկություններով»:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունների հետ որեւէ խնդիր ունեցե՞լ է այս ընթացքում, նա պատասխանել է. «Ո՛չ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել փոփոխությունը, մայիսի 9-ին արդեն իսկ ընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ, մենք միասին մասնակցել ենք այդ տոնակատարություններին։ Դրանից հետո քանիցս վարչապետի գլխավորությամբ եղել են պատվիրակություններ, մենք մասնակցել ենք այդ քննարկումներին, թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական բոլոր հարցերը բարիդրացիական շրջանակներում քննարկել ենք, եւ՛ արցախյան, եւ՛ հայաստանյան կողմի համապատասխան կառույցներն ի պաշտոնե այդ աշխատանքները կատարել են։ Որեւէ այլ բան մեր միջեւ ընդհանրապես տեղի չի ունեցել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: