Չեմ կարծում՝ խորհրդարան անցած ուժերը վարչապետին դիմադրելու կամք կունենան. Վազգեն Մանուկյան

Dec 13, 2018 Comments Off on Չեմ կարծում՝ խորհրդարան անցած ուժերը վարչապետին դիմադրելու կամք կունենան. Վազգեն Մանուկյան

Այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, չեմ տեսնում, որ լուրջ գաղափարական բախումներ կամ վարչապետին դիմադրելու կամք կունենան։ Այս մասին Ankakh.com-ին տված հարցազրույցում ասել է ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

1996-ից սկսած՝ Ձեր ելույթներում մշտապես ասել եք, որ Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ընտրակեղծիքներն են։ Վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվեցին ազատ, արդար, առանց ընտրակեղծիքների։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ երկրի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն այլևս վերացած է։

Հայաստանում ընտրությունների կեղծիքներն անցել են բազմաթիվ փուլեր՝ կարուսել, լցոնում, բռնություններ, սխալ հաշվարկներ, վարչական ռեսուրս, փող բաժանել, տեղական հեղինակությունների օգտագործում և այլն։ Այդ ամենի միջով մենք անցել են։ Վերջին տարիներին ամենամեծ թերությունները, որ ազդում էին ընտրությունների վրա, վարչական ռեսուրսի օգտագործումն էր, սխալ հաշվարկը և փող բաժանելը։ 2017 թ․ Աժ ընտրություններից առաջ իշխանությունն ու ընդդիմությունը միասնական քննարկումների արդյունքում բարեփոխեցին ընտրական օրենսգիրքը, ինչը բավականին փոխեց իրավիճակը։ Փաստորեն, սխալ հաշվարկը կարծես վերացավ, կրկնակի քվեարկությունը վերացավ, մնացին վարչական ռեսուրսը և փող բաժանելը։ Այս արտահերթ ընտրությունների ժամանակ, ինչքանով կարողանում ենք դատել բոլոր տեղեկություններից, փողի բաժանում տեղի չի ունեցել։ Այսինքն՝ ընտրողներին կաշառելը վերացել է, և դա շատ մեծ քայլ է դեպի առաջ։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի օգտագործմանը, ապա ինչքանով զգացվել է քարոզարշավի ժամանակ, դրա աստիճանը բավականին բարձր է եղել, և առաջիկայում նաև դրանից ազատվելու խնդիր կա։ Այս ընտրությունները երաշխի՞ք են, որ հաղթահարվել է երկրի զարգացման լուրջ խոչընդոտը՝ ընտրակեղծիքը: Կարծում եմ՝ դեռ ոչ։ Նույնիսկ եթե վերանա վարչական ռեսուրսի անպատեհ օգտագործումը, մի քանի ընտրություններ պետք է անցնեն, որպեսզի կարողանանք ամրագրել, որ ընտրակեղծիքն արմատախիլ է եղել։ Բացի այդ,այս ընտրություներից առաջ իշխանությունները համոզված էին, որ պիտի հաղթեն։ Այսինքն՝ իրենց պետք չէր շատ ջանք թափել։ Իսկ ինչպիսի՞ն կլինի իրավիճակը, երբ Հայաստանի որևէ հերթական իշխանություն զգա, որ պարտվելու է։ Այդ ժամանակ իշխանությունը կգնա՞ ընտրակեղծիքի, թե՞ չի գնա։ Մյուս հարցը. հասարակությունը կունենա՞ իշխանությանը դիմադրելու կամք, որովհետև ընտրությունները կեղծվում են հասարակության մի զգալի շերտի համաձայնության և մասնակցության պայմաններում։ Այդ տեսանկյունից չենք կարող ասել, որ խնդիրը լուծված է։ Սրանով խնդիրը մոտ է լուծմանը, բայց ամեն ինչ դեռ առջևում է։

Եթե անգամ արձանագրենք, որ անկախությունից հետո որոշակիորեն ազատ ու արդար ճանապարհով ձևավորված խորհրդարաններն առաջինն ու այս վերջինն էին, այնուամենայնիվ հնչում են տեսակետներ, որ այս ընտրությունները գաղափարազուրկ էին, ստեղծվել է միաբևեռ խորհրդարան, չկան հակակշիռներ և այլն։ Այս տեսանկյունից ի՞նչ համեմատություններ կարող ենք անել առաջին ու վերջին խորհրդարանական ընտրությունների միջև։

Չնայած այն ժամանակ շատ հզոր Ղարաբաղյան շարժում կար, որը երկու տարի ուղղորդում էր ժողովրդին, և ժողովուրդն էլ մեծ վստահությամբ էր վերաբերվումշարժմանը, բայց նույնիսկ այն ժամանակ շարժումը մոնոպոլ կշիռ խորհրդարանում չունեցավ։ Բազմաթիվ անկախ պատգամավորներ մտան խորհրդարան, կոմունիստները կային, ՀՀՇ-ի ներկայացուցիչները կային։ Հետագայում ներսում առաջացան Ռամկավարները, Դաշնակցությունը, ինչ-որ պահից ՀՀՇ-ից դուրս եկավ և կազմավորվեց ԱԺՄ-ն: Խորհրդարանում անընդհատ գաղափարական պայքար էր մղվում, ծրագրերը քննարկվում էին։ Այս նոր խորհրդարանում այդ վիճակը չկա։ Այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, չեմ տեսնում, որ լուրջ գաղափարական բախումներ կամ վարչապետին դիմադրելու կամք կունենան։ 2017-ի խորհրդարանում այդ առումով ավելի բուռն քննարկումներ էին լինում, որովհետև Հանրապետականի և Ծառուկյանի հետ միասին կար խիստ ընդդիմադիր «Ելք» դաշինքը, նաև կար Դաշնակցությունը։ Հայաստանում 1998 թվականից հետո կամաց-կամաց գաղափարական հոսանքները սկսեցին մարել և դարձան ուղղակի պրագմատիկ քաղաքականության մի մաս։ Երբեմն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես: Ոչ։ Ամբողջ աշխարհում ձևավորված կուսակցություններն արդեն ունեն իրենց ներքին փիլիսոփայությունը, պատմությունը, և երբ այդ կուսակցությունները մասնակցում են ընտրություններին, նրանց ծրագրերը կարող են քիչ տարբերություններ ունենալ, բայց մարդը քվեարկում էկուսակցության անցած ուղու և փիլիսոփայության համար նաև։ Մեզ մոտ դա չկա, ինչը ցավալի է։ Ես կուզեի՝ ավելի բազմազան ուժեր լինեին խորհրդարանում։

Պարո՛ն Մանուկյան, հակակշիռների բացակայության փաստարկին շատերը հակադարձում են՝ նշելով, որ պարտադիր չէ հակակշիռը լինի խորհրդարանում, հակակշիռ կարող է լինել ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը, Հանրային խորհուրդը և այլն։

Ժողովուրդը կարող է բողոքի ցույցեր, ապստամբություն բարձրացնել, բայց ժողովուրդը չի կարող ընտրությունների արանքում լինել քաղաքական հակակշիռ։ Եթե մենք պետություն ենք և ունենք կառուցվածք, ապա հակակշիռների համար կան օրինական ինստիտուտներ։ Այդ ինստիտուտներից դուրս իհարկե կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց չի կարող ամբողջ ժողովուրդը լինել հակակշիռ։ Ժողովուրդը չի կարող ունենալ ամենօրյա մասնակցություն քաղաքականության մեջ։ Այդ բացը լրացնելու համար 1929 թվականին Ֆրանսիայում ստեղծվեց Հանրային խորհուրդը, որը արանքում ինչ-որ ձևովփորձում էր այդպիսի դեր կատարել։ Բայց ժողովուրդն ընտրում է նախագահ, ընտրում է պատգամավորներ, ընտրությունների միջոցով լրացնում է ինստիտուտները, և այդ ինստիտուտներն իր շահերը պետք է առաջ տանեն մինչև հաջորդ ընտրությունները։ Եթե ժողովուրդն անընդհատ քաղաքականության մեջ է, դա նշանակում է, որ պետությունը կայացած չէ։ Ինձ ավելի շատ այսօր հետաքրքրում էժողովրդի մոտեցումը ընտրություններին։ Մենք անկախության ճանապարհին ազգային, լիբերալ, դեմոկրատական հասարակություն ստեղծելու դրոշակ բարձրացրինք։ Բայց հիմա տեսնում եմ, որ արդեն տանուլ ենք տալիս այդ գաղափարները։ Լիբերալիզմը վերաճեց անօրինական հարստությունների և թալանի, այդ ամենը կատարվում էրլիբերալիզմի անվան դակ, այդ պատճառով ժողովրդի մեջ սոցիալիզմի պահանջն ավելի մեծ է, քան լիբերալիզմի, որովհետև ժողովրդի համար լիբերալիզմ նշանակում է թալան։ Մենք անհամեմատ ավելի ժողովրդավարական պետություն ենք, քան խորհրդային տարիներին կամ անկախության առաջին տարիներին, բայց ես նոր չէ, որ նկատում եմ՝ երկրի ղեկավարի ընտրությունների ժամանակ ժողովուրդը մտածում է ոչ թե հակակշիռների, գաղափարների մասին, այլ անընդհատ ցանկանում է մի «բարի թագավոր» գտնել իր համար, որը հոգ տանի իր մասին։

Այսինքն՝ընտրությունների վերաբերյալ ժողովրդի մոտեցումը ոչ թե բնորոշ է դեմոկրատական պետության մտածողությանը, այլ թագավորական իշխանությանը։ Նույնիսկ այս օրերին մի տարօրինակ միտք հնչեց․ մեկն ասաց՝ ես ձայնը տալու եմ Նիկոլին, որովհետև դատավորներն իրենից վախենում են։ Այսինքն, ըստ մեր ժողովրդի մտածողության, իշխանությունը միշտ օտար է, միշտ չարիք է, և իրեն պետ է մի բարի թագավոր, որն իրեն կպաշտպանի իշխանությունների անօրինականություններից։ Այս ամենը մտածելու տեղիք է տալիս։ Մի անգամ Հանրային խորհրդով Չինաստանում էինք, այնտեղ հանդիպեցինք քաղբյուրոյի՝ նշանակությամբ չորրորդ մարդու հետ, որը նաև իրենց Հանրային խորհրդի նախագահն էր։ Զրույցի ժամանակ նկարագրեց, թե ինչ հաջողությունների են հասել իրենք Դեն Սյաոպինից սկսած, չնայած դեռ աղքատության մակարդակը շատ բարձր է։ Ես ասացի, որ մենք փաստորեն անկախությունից հետո ընտրեցինք լիբերալիզմի ճանապարհը, բայց ոչ մի լուրջ տնտեսական հաջողության չհասանք և հարցրեցի՝ արդյոք խորհուրդ կտա՞ մեզ գնալ իրենց ճանապարհով։ Ասաց. «Գիտե՞ք ինչ, ես կյանքի մեծ ճանապարհ եմ անցել և մի բան, որշատ լավ հասկացել եմ, այն է, որ ամեն ժողովուրդ պետք է գտնի իր ճանապարհը»։

Այսինքն, երբ ես խոսում եմ լիբերալիզմի, սոցիալիզմի և ժողովրդավարության մասին, ես կոչ չեմ անում դրանցից ազատվել, ոչ էլ կոչ եմ անում ժողովրդին անպայման մտցնել այդ շրջանակի մեջ։ Այսինքն, սա մտածել է տալիս, թե մեզ մոտ քաղաքական-տնտեսական համակարգի ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն, որոնքկհամապատասխանեն թե՛ մեր երկրի զարգացմանը և թե՛ մեր ժողովրդի մենթալիտետին։ Միևնույն ժամանակ իշխանության նպատակը պետքէ լինի մշտապես բարձրացնել ժողովրդի մակարդակը, նպաստել, որպեսզի պետությունում ստեղծվի խելամիտ, ազդեցիկ, ժողովրդին ու պետությանը նվիրված էլիտա, որը թույլ չի տա, որ երկրում անընդհատ ցնցումների միջոցով տեղի ունենան իշխանափոխություններ, այլ զսպող ուժ կլինի։ Այդ տեսանկյունից առջևում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք այսօրվա պրագմատիկ խնդիրներ չեն, ավելի բարձր մակարդակի խնդիրներ են։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա նոր կուսակցությունները, ստեղծվող արտախորհրդարանական ուժերը պետք է այդ հարցերին պատասխանեն, իսկ պրակտիկ հարցերը միշտ էլ կարելի է լուծել՝ ներգրավելով պրոֆեսիոնալներին։

Ընտրություններից հետո պարզ դարձավ, որ մեր երկրում հասունանում է արտախորհրդարանական քաղաքական պայքարի մեծ ռեսուրս։ Դա կարո՞ղ է դառնալ հակակշիռ։

Իհարկե, եթե հակակշիռ չկա խորհրդարանում, դա կարող է առաջանալ դրսում։ Բայց պետական տեսակետից դա լա՞վ է, թե վատ։ Դա ստիպված քայլ է։ Ավելի ճիշտ կլիներ, եթե հակակշռող ուժերը ներգրավված լինեին Ազգային ժողովում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս իսկապես կարող են առաջանալ որոշ հակադիր ուժեր, որոնք կհավասարակշռեն խորհրդարանի միաձույլ լինելը, և կյանքը ցույց կտա, թե դրանցից որոնք ավելի ուժեղ կլինեն, կդիմանան և հետագայում կմտնեն Ազգային ժողով։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: