Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել

Dec 13, 2018 Comments Off on Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել

Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն անձնական վրեժխնդրության դրդապատճառ է տեսնում իր դեմ հարուցված քրեական գործում: Ըստ նրա՝ գործը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից, շինծու գործ է: Այս մասին armdaily.am-ի հետ զրույցում ուղիղ եթերում ասաց Վահագն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի խափանման միջոց կալանքի մասին որոշումը: Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված:

«Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետին ես ուղղորդել եմ, որ փորձագետը դրանք դրել է եզրակացության հիմքում: Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել: Այսինքն՝ այն, որ մեղադրանքը անհիմն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ մեղադրանքի ապացուցողական հիմքը չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով շուրջ 1000 պարկուճները կեղծելու հարցին՝ Վահագն Հարությունյանն ասաց, որ ՀՔԾ-ն որոշել է արդեն, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է եղել, ինչը փաստում է, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի եզրակացություն: Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է՝ իսկ ո՞վ է ասում, որ բանակն այնտեղ չի եղել:

«Ամբողջ քրեական գործում չկա կես տողանոց դատավարական որևէ փաստաթուղթ, որտեղ ես որպես քննչական խմբի ղեկավար կամ այլ քննիչ գնահատական տված լինեի ՊՆ որևէ ստորաբաժանման գործողությանը: Տրամաբանությունը՝ եթե ես ապացույցները կեղծել եմ, ուրեմն պետք է բերեմ ու հասցնեմ իր ավարտին, կայացնեմ որոշում, որ սպասարկեմ իրենց նկարագրած խմբային շահին: Քրեական գործով նման որոշում չի կայացվել, և 2011-2018 թվականներին քրեական գործով նախաքննությունը չի կասեցվել:

Ես չեմ հերքել բանակի մասնակցությունը, աննորմալ չեմ, որ ապացույցները կեղծեմ, հետո չհերքեմ: Եթե գնում եմ այդ կարգի հիմարությանը, որ իբրև պարկուճ եմ կեղծել, կեղծիքիս արդյունքները պետք է լինի գործում, պետք է գայի եզրակացության, որ բանակը այնտեղ չի եղել: Բայց ո՞վ ասեց, որ բանակը այնտեղ չի եղել: Բանակը ներգրավվել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը նախագահի հրամանագրով՝ ժամը 22:00-ից հետո: Հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ ասաց, որ բանակը ներգրավելուց հետո ինչ-որ պայմաններում չէր կարող նույն ինքնաձիգներից կրակոցներ արձակել: Հազար պարկուճ կեղծելու տրամաբանությունը չեմ կարող հասկանալ: Բանակը սենց թե նենց եղել է այնտեղ, լուցկու տուփ չէ, որ կարողանաս թաքցնել: Եթե ես պարկուճը փոխեցի, բանակի մարդկա՞նց էլ փոխեցի»,- մանրամասնեց նա:

Վահագն Հարությունյանն ասաց, որ եթե անգամ փոխած լիներ պարկուճները, շուրջ 1000 պարկուճի փոխելը կարող է տեսականերոն կապ ունենալ 10 սպանություներից մեկի հետ: Բայց ՀՔԾ-ն իրեն իրավունք է տալիս եզրակացնել, որ 10 անձանց սպանության մասով քննություն չի արվել: «Պարոն Սասունը իրեն ինչ ասես թույլ է տալիս, օրենք է խախտում, դատավորներին է գնահատական տալիս»,- ասաց նա:

Հարությունյանը չի հերքում, որ ՌԴ-ում է, ասաց, որ Մոսկվա քաղաքում է: Հարցին, թե ճի՞շտ է, որ ՌԴ քաղաքացիություն են իրեն շնորհել, նա պատասխանեց. «Մինչև օրս դեռ չեմ էլ դիմել նման հարցով»: Ասաց, որ ժամկետ չի կարող ասել, թե երբ կվերադառնա:

«Առողջական խնդիրներ ունեմ առաջին հերթին, նաև ես հիմա արդարադատություն որևէ մեկից ակնկալել չեմ կարող, որովհետև արդարադատությունը վերացել է: Թեկուզև իմ կալանքի որոշումը վերացրել են, բայց միայն մեկ դատավորով արդարադություն չի լինում»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: