Նաիրա Զոհրաբյանը իր` ԱԺ փոխնախագահ դառնալու մասին

Dec 13, 2018 Comments Off on Նաիրա Զոհրաբյանը իր` ԱԺ փոխնախագահ դառնալու մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ԱԺ փոխնախագահի նշանակման հարց չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառող լուրերն այն մասին, թե ԱԺ փոխնախագահի հնարավոր թեկնածուներից մեկը Զոհրաբյանն է։

«Իսկապես չի քննարկվել։ Ինչ անուն, որ դրվում է շրջանառության մեջ, դա ուղղակի տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից լրատվական կեղծ տեղեկություններ են (եթե չասենք` սադրանքներ)»,– ասաց Զոհրաբյանը։

Հարցին, թե նոր` 7-րդ գումարման ԱԺ–ում որտեղ է ինքն իրեն պատկերացնում, Զոհրաբյանը պատասխանեց.«Որտեղ Գագիկ Ծառուկյանը կորոշի, որ իմ ունակությունները, իմ պրոֆեսիոնալիզմը, իմ փորձառությունը պետք են, ես այդտեղ կլինեմ։ Ինչպես կորոշի ԲՀԿ նախագահը. սա` միանշանակ»,– ասաց Զոհրաբյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ այդ հարցով քննարկում կուսակցությունում ու անձամբ իր հետ չի եղել։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի ընտրությանը, Զոհրաբյանը հիշեցրեց, որ դա բացառապես ԱԺ մեծամասնության որոշելիք հարցն է։ Մնացած ուժերին մնում է ընդունել «Իմ քայլի» որոշումը։

Հիշեցնենք` ըստ ԶԼՄ–ների` ԲՀԿ-ն, որին որպես ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցություն` ԱԺ Կանոնակարգ օրենքով պատկանում է խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը, այս օրերին դժվար ընտրության առաջ է։

Ըստ մամուլի` քննարկվող հավանական թեկնածուներն են Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու 6-րդ գումարման ԱԺ–ում փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մելքումյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: