Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Dec 13, 2018 Comments Off on Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Հանրային Հեռուսաընկերության լրատվական և վերլուծական ծրագրերի տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան նրա էջից:

«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում գրեցի: Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները:

Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Ու եթե խորհրդարան չանցնեի էլ (դեռ փաստացի չեմ էլ անցել), էդ դիմումը գրելու էի, այսպես թե այնպես: Հիմա էլ նույն էթիկական դրդապատճառով որոշեցի վաղաժամ դադարեցնել պարտականություններս:

Հանրային հեռուստաընկերությունում նույնիսկ այսքան կարճ ժամանակ աշխատելս լավ մարտահրավեր էր, որն ինձ շատ բան սովորեցրեց, շատ բան փոխեց իմ մեջ: Առնվազն, թե որքան մակերեսային ենք մենք շատերս պատկերացնում որոշ բաներ, թե որքան տարբեր են երբեմն լինում դրսից ու ներսից երևացող իրականությունները, որքան հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ ծանր է հեռուստատեսային մենեջերի աշխատանքը՝ ամենօրյա աննկարագրելի դժվարությունների առատությամբ:

Սրտանց շնորհակալությունս եմ ուզում հայտնել Լուրերի իմ գործընկերներին, Հանրային հեռուստաընկերության ամբողջ անձնակազմին՝ այդ թվում տնօրենների խորհրդին, գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի գլխավորությամբ՝ համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար:

Ու մի բան էլ:) Այս լուրը իմ անձնակազմից շատերի համար անակնկալ է լինելու: Ուստի ներողություն եմ խնդրում, որ այսպես եմ ձեզ տեղեկացնում սույնի մասին, որովհետև առիթ եք տվել համոզվելու, որ դուք երբեմն ինձնից համառ եք գտնվում ու կարողանում եք ինձ համոզել հակառակը:) Այսպիսով փորձում եմ խուսափել ձեր՝ այդքան ինձ սիրելի դարձած ազդեցությունից:)

Քայլ հաջորդ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: