Հիմա դուք վարչապետ եք, թե ԺԷԿ-ի պետ

Dec 15, 2018 Comments Off on Հիմա դուք վարչապետ եք, թե ԺԷԿ-ի պետ

Ամեն իչ հուշում է, որ ոչ հեռավոր ապագայում Նիկոլ Փաշինյանը կրակն է ընկնելու սեփական հայտարարությունների ձեռը։ Երեւի նրա մտքի ծայրով չէր էլ անցնի, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իր անհաշվենկատ հայտարարությանը կստանա այնպիսի պատասխան, ինչպիսին, եղավ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ոչ ավել ոչ պակաս հայտարարել է․«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանից օկուպացրած տարածքները»։

Անկարան նաև պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։ Ցյուրիխյան տապալված արձանագրություններից հետո խոսել նույն դիրքերից, խոսում է մինիմումը անտեղյակության, արտաքին դիվանագիտության սեփական տեսլականի բացակայության մասին։ Ինչին, բնականաբար, պետք է հաջորդեր պաշտոնական Անկարայի ծանր ապտակը։ Սա ցույց է տալիս, որ ոչ միայն Փաշինյանն է անհաղորդ այս հարցերին, այլեւ Հայաստանի պատկան գերատեսչությունում ինչ-որ բան այն չէ ու նրանց չի հետաքրքրում՝ ինչ հայտարարություն կանի վարչապետը, ինչ կարող է դա նստել պետության, երկրի վրա։ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ արած այլ հայտարարության գերին էլ երեկ դարձավ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում չարենցավանցիներին խոստացավ այցելել նրանց, որպեսզի քննարկեն երրորդ դպրոցի հարցը, որտեղ տասը օրից ավել դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը։ Փաշինյանը գնաց, հարցը լուծեց ու «մռութներին» խնդրեց վաղվանից դասի գալ։Փաստորեն մեր երկրում ԿԳ նախարար, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզետներ, քաղաքապետեր, մարզպետարանի ու քաղաքապետարանի կրթության վարչություններ չկան, ու Չարենցավանի դպրոցի հիմնախնդրով անձամբ պետք է զբաղվեր հենց ՀՀ վարչապետը։ Իհարկե, հակառակն էլ չենք պնդում, թե վարչապետը չպետք Է զբաղվի ժողովրդի «մանր» խնդիրներով։ Ընդհակառակը՝ հենց այսպիսի խնդիրներն են հետագայում մարտահրավերներ նետում իշխանություններին։ Սակայն, երբ վարչապետը արդեն յոթ ամսվա ընթացքում ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է եւ պատգամավորի փոխարեն պատասխանել, եւ մարզպետի, եւ անգամ ԺԷԿ-ի պետի, դա լավ բանի մասին չի խոսում։ Նա անգամ իրենց նախընտրական շտաբի պետի լիազորությունները վերցրեց իր ձեռքը եւ ընտրությունների գիշերը ոչ թե Սուրեն Պապիկյանը գնահատեց ընտրական պրոցեսը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Այս տրամաբանությամբ մեր երկրում ոչ մի ինստիտուտ ու կառավարման միջին օղակ երբեք չի կայանա, քանի որ Փաշինյանը որոշել է, որ բոլոր ինստիտուտների գործառույթները ինքը պետք է կատարի։ Բա, մեղք չեք պարոն Փաշինյան։ Մենք հասկանում ենք, որ ձեր «թրաշամանուկների» կառավարությունում իվիճակի չեն իրականացնել իրենց վստահված գործը, որովհետեւ նրանք այդ պաշտոններ են տեղափոխվել ուղիղ ասֆալտից, բայց այդ պարագայում հարկավոր է նորմալ թիմ հավաքագրել, որպեսզի չստացվի, որ միակ «հերոսը» Փաշինյանն է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: