Գյումրիի նոր խայտառակությունն ու «սկզբունքայինների» ոչնչությունը

Dec 15, 2018 Comments Off on Գյումրիի նոր խայտառակությունն ու «սկզբունքայինների» ոչնչությունը

Գյումրիում դեկտեմբերի 2-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել: 57-ամյա կինը մահացել էր ՝ Սլաբոտկա թաղամասում դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Արդեն իսկ հայտնի է, որ կնոջ մահվան դեպքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել: Զինծառայողը կասկածվում է գյումրեցի Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ:

Հետաքրքրականն այն է, որ ձերբակալված զինծառայողը, ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ պահվում է Գյումրիում, սակայն նրա անուն-ազգանունը իրավապահները հարկ էլ չեն հրապարակել:

Տարիներ շարունակ Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորների մասնակցությամբ, մեղմ ասած՝ խայտառակ միջադեպեր են գրանցվել: Ռուս զինվորականների սանձարձակ պահվածքը վաղուց գյումրեցիների, և ոչ միայն գյումրեցիների «համբերության բաժակը» լցրել էր:

Ամենասարսափելի, ամենաողբերգականն իհարկե, 2015 թվականին յոթ հոգանոց գյումրեցի ընտանիքի՝ Ավետիսյանների, սպանդն էր ռուս զինծառայողի կողմից, որը բորբոքեց ողջ Հայաստանի զայրույթը:

Եվ ի՞նչ, որտե՞ղ է հիմա Պերմյակովը: Անցյալ տարի գարնանը տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի արտահանձնումը Ռուսաստան:

Բայց այս ամենում մեկ այլ երևույթ է զարմանալի: Ինչպես ռուսական ռազմաբազայի հետ կապված խայտառակությունների շարանը, այնպես էլ այս կամ այն արատավոր երևույթի նկատմամբ Հայաստանում հասարակական կազմակերպությունների, «ակտիվիստների», «իրավապաշտպանների» ընտրողական վերաբերմունքն է:

Նախորդ իշխանությունների ժամանակ ռուսական ռազմաբազայի հետ կապված հանցագործություններն, անմիմիջապես արժանանում էին մեր «ակտիվիստների» ու «իրավապաշտպանների» ուշադրությանը, ավելին՝ նրանք գրեթե բողոքի ակցիաների ակտիվ մասնակից էին դառնում, ու առիթը բաց չէին թողնում դատափետել իշխանությանը՝ մեղադրելով անվճռականության, վախկոտության մեջ:

Ո՞ւր եք հիմա… Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրովի՞ է ձեզ համար, կախված է նրանից թե ո՞վ է այսօր իշխանություն… Այսինքն, Սերժ Սարգսյանի ժամանակ կատարված բոլոր հանցագործությունները վատն էին, որովհետև Սերժ Սարգսյանն էր իշխանություն, իսկ այսօր տեղի ունեցող հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները, լրատվամիջոցների նկատմամբ որոշ քայլերը իրավապահների կողմից նորմալ են, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը չի՞ իշխանություն:

Սա է՞ ժողովրդավարության սկզբունքներին ու օրենքի տառին հետևողների բանակի սկզբունքայնությունը…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: