Մոսկվայի շառաչուն «ապտակների» շարքը

Dec 15, 2018 Comments Off on Մոսկվայի շառաչուն «ապտակների» շարքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը: Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեհաջող և դինամիկ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական:

«Մատնանշելով երկկողմ հարաբերությունների շատ բարեհաջող և դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ բարձր մակարդակով անցկացվող հանդիպումները կարևոր դեր են խաղում համագործակցության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ալիևը հիշեցրել է, որ միայն 2018թ. բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել երկու պետությունների ղեկավարների միջև, ստորագրվել են մեծ թվով համաձայնագրեր:

«Նախագահ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները գոյատևել են պատմության փորձությունների միջով, և երկու երկրներն այսօր հուսալի գործընկերներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը «բարձր մակարդակի է հասել»: Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ Բաքուն է ընտրվել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության միջև հանդիպման համար՝ նկատելով, որ դա իր երկրի նկատմամբ «հարգանքի և վստահության ցուցիչ է»:

Իր հերթին Գերասիմովը նկատել է, որ արդեն մի քանի անգամ Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի մայրաքաղաքը «շատ հարմար վայր է դրա համար, և այստեղ պայմաններ են ստեղծվում նման հանդիպումների համար»:

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարության միջև հանդիպումների արդեն տևական ժամանակ է, ինչ անց են կացվում Բաքվում, որպես «չեզոք» վայր: Անցյալ տարիներին ևս եղել են նման հանդիպումներ Բաքվում: Սա ևս իր հերթին վկայում է Մոսկվայի կողմից Ադրբեջանի իշխանություններին վստահելու աստիճանի մասին: Դա ընդգծում է այն կարևորությունը, որը Մոսկվան տալիս է Ադրբեջանի իշխանություններին:

Ի դեպ, վերջապես, պաշտոնական Մոսկվան անդրադարձավ Հայաստանի ԱԺ ընտրություններին: Պաշտոնական շնորհավորանք առայժմ չկա, ու թերևս, չի էլ լինի: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Զախարովան ընդամենը նշել է, որ ակնկալում են կառուցողական երկխոսություն Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ: «Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները… դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները: Մենք տրամադրված ենք Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ կառուցողական երկխոսության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում»- ասել է նա:

Սա ընդամենը մի անդրադարձ է, ինչպես ասում են «գալոչկայի համար», ոչ ավելին: Այսինքն, եթե ճեպազրույց չլիներ, Զախարովային հարց չուղղեին Հայաստանի մասին՝ Կրեմլը հարկ էլ չի համարում Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադառնալ:

Ավելին, որպես «օրինապաշտ» երկիր, պարզվում է, Ռուսաստանը սպասում է դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները ներկայացնելուն: Մինչդեռ նախորդ տարիներին, նկատենք, որ Հայաստանում ընտրությունները դեռ չավարտած՝ Ռուսաստանի իշխանությունները շտապել էր շնորհավորել մշտապես իշխող թիմին թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար:

Այսպես, Մոսկվան, շարունակում է ցույց տալ, որ գոհ չէ ո՛չ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, ո՛չ էլ հետհեղափոխական զարգացումներից: Այս ամենին գումարվում է Պուտինի «ընկերոջ»՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

Մոսկվան, ինչպես երևում է, դեռ տարբեր առիթներով ցույց է տալու, որ պատժում է Փաշինյանին, դեռ շատ ենք լսելու շառաչուն «ապտակների» ձայներ՝ տարբեր կողմերից…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: