Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլարի չափով դրամական միջոցները փոխանցել պետությանը

Dec 13, 2018 Comments Off on Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլարի չափով դրամական միջոցները փոխանցել պետությանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում ասվում է. «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ եւ իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տաս տարի առկա, ինչպես նաեւ մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ , որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար եւ բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տվյալները նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել։ Այդ գումարների ծագման աղբյուրները օրինական են, որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Այդ գումարները ստացվել են մինչեւ ապօրինի հարստացման քրեականացումը այսինքն , մինչեւ 2017 թվականի հուլիս 01-ը։ Նշված գումարները հօգուտ պետության բռնագրավվելու նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արվում տարբեր եղանակներով իմ եւ իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնվում ինձ հետ ազգակցական եւ խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը եւ դրամական միջոցները։ Ինձ հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում կապել իմ անվան կամ վերը նշված դրամական միջոցների հետ։ Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանավորված նաեւ դատական մարմինների սուբյեկտիվ դիրքորոշումը, որոնք շարունակում են մերժել գրավի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնավորված միջնորդությունները եւ հիմք են ընդունում վարույթն իրականացնող մարմնի ոչնչով չպատճառաբանված փաստարկները։ Նման պայմաններում ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվի նաեւ կալանքի տակ ինձ պահելու ժամկետները։ Անկախ այս ամենից ես եւ ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները, մոտ 6 /վեց/ միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: