Ստրասբուրգում տուժածների թվում հայեր կա՞ն

Dec 12, 2018 Comments Off on Ստրասբուրգում տուժածների թվում հայեր կա՞ն

Ստրասբուրգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ հայտնել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: