Գրիգորյանին կալանքի տակ պահելը՝ ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք

Dec 12, 2018 Comments Off on Գրիգորյանին կալանքի տակ պահելը՝ ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք

«Շատ հնազանդ ձևով կատարում են վարույթ իրականացնող մարմնի ցանկությունները և չեն գործում օրենքով: Եթե նախկինում եղել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, ապա հիմա չկա նման բան, և սա պարզապես «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի կիրառումն է»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով՝ Գրիգորյանի՝ գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությաան մերժման և կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ դատարանի որոշմանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե գործը հասնի դատարան ու քննող դատավորն էլ լինի «ՀՔԾ-ամետ Մարինե Մելքոնյանը», իսկ Վերաքննիչում՝ «ՀՔԾ-ամետ» Արսեն Նիկողոսյանը, ապա որևէ դրական կամ օրինական արդյունք Մանվել Գրիգորյանի համար ակնկալել հնարավոր չէ. «Չունենք արդար և օրինական դատավարություն»:

«Եթե մյուս կալանավորների մասին կարելի է ասել, որ պատանդ են, ապա Մանվել Գրիգորյանի դեպքում պետք է ասել, որ նա գերի է, ինչը ուրախացնում է ադրբեջանական մամուլին և ադրբեջանական լոբբիստներին: Ամեն դեպքում, Արցախի հերոսին 6 ամսից ավել կալանքի տակ պահելը միայն նրա համար է, որ ադրբեջանական լոբբիստները ուրախանան և հայտարարեն, որ հասել են հաջողության: Տվյալ դեպքում, Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը կարելի է դիտարկել որպես ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք».- մանրամասնեց Գրիգորյանի իրավապաշտպանը:

Վերջում Արսեն Մկրտչյանը շեշտեց, որ դատավոր Մարինե Մելքոնյանի այսօրվա վճիռը խոսում է նրա մասին, որ դատավարական օրենքով նախատեսված ուժերի վրա հույս դնելն անիմաստ է.«Մենք շատ լավ տեսանք, որ նախընտրական քարոզչության ժամանակ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ անընդհատ շահարկեցին և արժեզրկեցին Գրիգորյանի անունն ու հեղինակությունն՝ ի շահ իրենց»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: