Սպասելի «սառը ցնցուղ»

Dec 14, 2018 Comments Off on Սպասելի «սառը ցնցուղ»

Թուրքիայի նախագահի աշխատակազմը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արած հայտարարությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների:

Ահա, պաշտոնական Անկարան կրկնել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է վերադարձնել Ադրբեջանին «օկուպացված տարածքները» և հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից:

Իր հերթին, այսօր նաև Հայաստանի արտգործնախարարն է կրկին անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների թեմային: Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ։

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներում մանրամասներ են ներկայացվել հանդիպման ընթացքում նախարարի արտահայտած տեսակետներից: Անդրադառնալով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ Զ.Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը կատարել է իր հանձնառությունն ամբողջությամբ և նույնը ակնկալում էր նաև Թուրքիայից։

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում մենք կարծես միայնակ լինենք։ Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են: Հայ-թուրքական հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն և այդ հարաբերություններին անհրաժեշտ է վերաբերվել այդ շրջանակներում», – ասել է Զ.Մնացականյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Զ.Մնացականյանն ասել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, ավելացնելով, որ մայիսից ի վեր, երբ կառավարությունը ստանձնեց իր պարտականությունները, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով, որ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ։

«Պարտադրանքի կամ միակողմանի միջամտությամբ այս հարցում չենք կարող հաջողության հասնել: Բանակցություններում և մեր աշխատանքներում նկատվում է դինամիզմ։ Մենք պնդում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Կարևոր է, որ երկրները ջանքեր գործադրեն լարվածության թուլացման ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև ատելության մթնոլորտի թուլացումը։ Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը», – ասել է Զ.Մնացականյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Զոհրաբ Մնացականյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը կարող է նոր դինամիկա ստանալ և երկու երկրներն էլ պատրաստ են դրան «Մենք ուզում ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները և այս հարցում շարունակականության կողմնակից ենք: Երկու երկրների միջև անցյալում տհաճ դեպքեր են տեղի ունեցել, սակայն մենք պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների: Թեկուզ դժվար թվա, բայց երկու երկրների միջև նոր ճանապարհ պետք է հարթվի», – ասել է Մնացականյանը:

«Անադոլու»-ի փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաև շեշտել է, որ հայերը թուրքերի նկատմամբ նախապաշարումներ չունեն և դեմ են խտրականությանը: Ընդգծելով, որ անցյալում երկու երկրների միջև տեղի ունեցածը չպետք է կրկնվի՝ Մնացականյանը հավելել է. – «Մենք հարևան երկրներ ենք և բավարար կարողություն ունենք մեր խնդիրները լուծելու համար: Մենք կողմ ենք երկխոսությանն այս ուղղությամբ»:

Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն` առանց նախապայմանների, թուրքական լրատվամիջոցները որակում են իբրև հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր փուլի ազդանշան:

Սակայն, պաշտոնական Անկարայի երեկվա հայտարարությունից հետո, կարելի է ասել, կրկին «սառը ցնցուղ» ստացանք, բայց դա անսպասելի չէր:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: