Ինչու՞ են ամերիկյան նավթային ընկերությունները լքում Ալիևին. պատերա՞զմ, թե՞ տնտեսական հաշվարկ

Dec 13, 2018 Comments Off on Ինչու՞ են ամերիկյան նավթային ընկերությունները լքում Ալիևին. պատերա՞զմ, թե՞ տնտեսական հաշվարկ

Չի բացառվում, որ արդեն առաջիկա ամիսներին ամերիկյան երկու խոշորագույն նավթային ընկերությունները` Chevron-ը և Exxon Mobil-ը, 25 տարի տևած ակտիվ ներկայությունից հետո լքեն ադրբեջանական շուկան: Այս մասին, վկայակոչելով նավթարդյունաբերության ոլորտի իր աղբյուրները, օրերս տեղեկացրեց Reuters գործակալությունը:

«Exxon-ը հույս ունի Կասպից ծովում գտնվող «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորերում ունեցած 6,8 տոկոս կազմող բաժնեմասի վաճառքի շնորհիվ շուրջ 2 միլիարդ ամերիկյան դոլար վաստակել, պնդում են ոլորտին մոտ կանգնած աղբյուրները», – գրում է Reuters-ը` հավելելով. – «Exxon-ի մրցակից Chevron ընկերությունը Reuters-ին տրամադրած հայտարարության մեջ նշում է, որ որոշել է վաճառել «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորի բաժնետոմսերի իրեն պատկանող չափաբաժինը` 9,57 տոկոսը: Ընկերությունը նաև մտադիր է վաճառել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի բաժնետոմսերի 9 տոկոսը»:

Չնայած համաշխարհային նավթային շուկայում շրջանառվող համառ լուրերին և Chevron-ից եկող հաստատմանը, Exxon-ի ղեկավարությունը առայժմ խուսափում է որևէ մանրամասն տեղեկություն հաղորդել ադրբեջանական շուկան լքելու վերաբերյալ: «Մենք չենք մեկնաբանում [նավթային] շուկայում շրջանառվող լուրերն ու շահարկումները», – նշել է Exxon-ի մամուլի քարտուղար Ջուլի Քինգը:

Ադրբեջանի նավթային պետական ընկերության` SOCAR-ի ներկայացուցիչները գործակալությանը փոխանցել են, որ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են Exxon-ին, և «Ադրբեջանի նավթային ընկերությունը դրանք մեկնաբանելու կարիք չի զգում»: «Ազերի-Չիրաղ-Գյունեշլիի» մեկ այլ խոշոր բաժնետերը` 30 տոկոսի սեփականատեր BP ընկերությունը, ևս գերադասում է չմեկնաբանել ամերիկացի գործընկերների` Ադրբեջանը լքելու մտադրությունը:

«Բաժնեմասերի վաճառքը կնշանակի, որ ամերիկյան այս երկու ընկերությունների քառորդ դար տևած ներկայությունը Ադրբեջանում մոտեցել է ավարտին: Exxon-ը և Chevron-ը Խորհրդային Միության փլուզումից հետո մեծապես օժանդակել են Ադրբեջանի ժամանակակից նավթարդյունաբերության ստեղծմանը` 1994-ին ձեռք բերելով «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորերի բաժնեմասերը», – ըստ «Ազատության»՝ գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ժամանակին այդ համաձայնագիրը «Դարի պայմանագիր» էր հռչակվել, որի միջոցով Արևմուտքը հույս ուներ թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան նավթից և գազից:

Reuters-ը նաև հիշեցնում է, որ այսօր ադրբեջանական նավթարդյունաբերության ոլորտում թվով հինգ ամերիկյան ընկերություններ են ներկայացված: Exxon-ից և Chevron-ից բացի, Ադրբեջանում աշխատում են նաև ամերիկյան Amoco, Pennzoil և McDermott նավթային ընկերությունները:

Ամերիկյան ընկերությունները, ըստ Reuters-ի, այժմ սկսել են կենտրոնանալ ԱՄՆ տարածքում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում գտնվող նավթային պաշարների արդյունահանման վրա: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը Վաշինգտոնում աշխատող էներգետիկ ոլորտի փորձագետները, օրինակ, փոխանցել են, որ Exxon-ը լուրջ ներդրումներ է կատարում հարավամերիկյան Գայանա պետության ափամերձ գոտում հայտնաբերված նավթի պաշարները արդյունահանելու համար: «Դեկտեմբերի 3-ին Exxon-ը հայտարարեց Գայանայում բացված 10-րդ նավթահորի և իր պաշարների` մինչև 5 միլիարդ բարել ավելացման մասին»`- գրում է «Թուրանը»:

Reuters-ի տեղեկություններով, Chevron-ը լուրջ ներդրումներ է կատարում Ղազախստանի խոշորագույն «Թենգիզ» նավթահանքում` մեծացնելով արդյունահանման ծավալները: Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ գործակալության, շուրջ 37 միլիարդ դոլար է: Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Թուրանի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ ամերիկյան ընկերությունների` Ադրբեջանը լքելու որոշումը հիմնականում տնտեսական դրդապատճառներ ունի, թեև դրանք միակը չեն:

«Ալիևի կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի նավթարդյունաբերության ոլորտում կապիտալ ծախսերի մակարդակի վրա: Ադրբեջանի նավթարդյունաբերությունը ծերանում է և նոր ներդրումների կարիք է զգում», – նշել է ամերիկացի փորձագետը` հավելելով․ – «Սա բավական ծախսատար ոլորտ է: Երբ նավթի գինը բարձր է, ընկերությունները կարող են իրենց թույլ տալ կապիտալ ներդրումներ կատարել: Նավթի գնի անկման պայմաններում, սակայն, այդ ներդրումները արագորեն վերածվում են միլիարդավոր դոլարների կորստի»:

Բայց արդյոք միայն տնտեսական պատճառնե՞ր են… Իսկ եթե ամերիկյան ընկերությունները կանխազգում են մոտալուտ պատերազմի բռնկո՞ւմը…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: