Նիկոլ Փաշինյանի իշխանության հետհաշվարկը

Dec 12, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի իշխանության հետհաշվարկը

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ամենացածրն էր Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունների պատմության մեջ:

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը: Սա երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Քաղաքական գործընթացներին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1991թ. անկախության հանրաքվեում, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99,51%-ը: Մասնակիցների  95.5% կամ 2 մլն 42 հազար 627-ն քաղաքացի իր քվեն տվել է հանուն ՀՀ անկախության: Նախագահի ընտրության ամենաբարձր ցուցանիշը ևս գրանցվել է 1991 թ.-ին, երբ ընտրություններին արձանագրվել է 74% մասնակցություն: Իսկ ընտրության մասնակցած քաղաքացիների 83%-ը կամ 1 մլն 260 հազար 14-ը իրենց վստահության քվեն տվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ստացած քվեների քանակով Տեր-Պետրոսյանի լեգիտիմության բարձր աստիճանն առայսօր մնում է չգերազանցված: Այս տեսանկյունից ապրիլյան հեղափոխության համեմատությունը անկախության գործընթացի, իսկ առաջին նախագահի լեգիտիմությունը վարչապետ Փաշինյանի լեգիտիմության հետ հիմնավորված չէ:

Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մասնակցության թվի վերաբերյալ տարբեր կարծիքներ եղան: Նախնական արդյունքներով՝ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարած Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է. ՀՀ քաղաքացիների 52 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, հետևաբար նաև չի աջակցել հեղափոխությանը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այլ մեկնաբանություն տվեցին: Ըստ Մուկուչյանի՝ պասիվ մասնակցությունը կապված էր եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Դեկտեմբերի 9-ին տարվա այդ եղանակի համար պայծառ ու արևոտ եղանակ էր, անձրև, ձյուն ու սառնամանիք չկար, ուստի եղանակը չէր կարող պատճառ լիներ: Սա լուրջ չէ, բայց քանի որ Մուկուչյանն է ասել՝ նորմալ է:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ընտրություններում առավելագույն քվեներ ստացած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրությունների մասնակցության ցուցանիշի վերաբերյալ իր պատճառաբանություններն ունի. «Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը, տեսնենք, թե վերջին ընտրություններից հետո ինչ է ասում ընդդիմությունը, ինչ է գրում մամուլը, և ինչ է ասում քաղհասարակությունը: Ասում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազարանոց ռեսուրս, որը միշտ օգտագործում է. դա բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, բացի այդ՝ այս ընտրություններում մարդիկ ոչ թե քաղաքացիներին բերման են ենթարկել ընտրությունների, այլ քաղաքացիներն իրենց կամքով գնացել են ընտրությունների: Ես նաև խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում»,- հայտարարել է Փաշինյանը:

Սա նույնպես լուրջ հիմնավորում չէ, որովհետև եթե հեղափոխությունը իսկապես համաժողովրդական է, ապա մարդիկ ինքնակամ, առանց բերման ենթարկելու պետք է գնային ընտրատեղամաս, ինչպես դա անում էին 1991 թվականին: Ինչ վերաբերում է ինտրիգին, ապա այս ընտրություններում այդ ինտրիգն ավելի մեծ էր, քան նախկին ընտրություններում: Ինքը՝ Փաշինյանը, հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է վավերացնեն և արձանագրեն հեղափոխության հաղթանակը: Դատելով արձանագրված արդյունքից՝ կա՛մ մեր հասարակության մեծամասնության համար հեղափոխությունը չունի այն բարձր արժեքն ու նշանակությունը, որի մասին հրապարակավ խոսվում է, կա՛մ էլ ընտրողների թիվը խիստ ուռճացված է: Փաշինյանի ասած բացակա և մահացած ընտրողները ցուցակներում վստահաբար եղել են, բայց նրանք ամեն դեպքում մեծամասնություն չէին կարող կազմել: Այս ցուցանիշը վկայում է մեկ այլ բանի մասին. հասարակության մի ստվար զանգվածը դժգոհ է եղել նախկին ռեժիմից, բայց նաև տուրք չի տվել հեղափոխական էյֆորիային, ինչի պատճառով էլ չի գնացել ընտրության: Հանրության այդ հատվածն առայժմ պասիվ է. լուռ սպասում է զարգացումներին: Երբ ընտրության չգնացածները սկսեն ակտիվանալ, թերևս այդ պահից կսկսվի հեղափոխական իշխանության հետհաշվարկը:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: