Ամենաճկուն մորթապաշտը

Dec 14, 2018 Comments Off on Ամենաճկուն մորթապաշտը

Երբ 2016 թվականի վերջին Սյունիքն ազատագրվեց հանրահայտ Լիսկայից ու մարզպետ դարձավ Վահե Հակոբյանը, շատերը թեթեւացած շունչ քաշեցին այդ նշանակմամբ։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ Լիսկայի փոխարինողը իր բնույթով ու գործով ավելի դաժանն էր, քան իր նախորդը։ Եւ այդ առիթով սյունեցիները նույնիսկ կատակում էին, թե «Սյունիքը Լիսկայից փրկվեց, պղնձամոլիբդենայինը՝ Վահե Հակոբյանից»։

Վահե Հակոբյանը 2012-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ու դրա հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենն է, ընդ որում, որոշ տեղեկություններով` նա իշխանության բարձրաստիճան հայտնի հովանավորչությամբ չնչին գումարով է տիրացել կոմբինատին: Նրան ընկերական շրջապատում «Վոգ» են ասում: Վահե Հակոբյանը 2014 թվականի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, իսկ 2016թ. օգոստոսի 15-ից նշանակվել է նույն ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ: Այս ընթացքում կոմբինատի գործերը «պրավալ» են գնացել: 2016թ. արդյունքներով ԶՊՄԿ-ն տարին փակել է հարկային վնասով: Իհարկե, միշտ էլ կարելի է մեղքը գցել մետաղների գների անկման վրա, սակայն 2009թ․ մոլիբդենի միջին գինն էականորեն ավելի ցածր էր, մինչդեռ հարկային տարին վնասով չփակվեց:

Սյունիքի մարզպետ նշանակվելիս նա հայտարարում էր, որ եկել է իր հարստությունը սյունեցիներին ծառայեցնելու: Սակայն մարզի աղբյուրներից ձեռք բերած փողերով ճիշտ հակառակն էր անում…
Ավելորդ է խոսել նրա մարզպետական գործունեության մասին, բոլորն էին փաստում, որ նա աշխատում է Բերիայի ոճով։ Նա գրեթե նվազագույնի էր հասցրել շփումը ենթակաների հետ, նրանց հետ հարաբերվում է ընդգծված «դիստանցիայով», քամահրանքով վերաբերում բոլորին։ Փոխարենը 2017-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով ավելի քան 21 հազար ձայն ստացավ՝ հարուցելով հարազատ կուսակցության կասկածներն անգամ։ Մի մարդ, որը գրեթե չէր լինում Սյունիքում եւ մարզ էր այցելում ուղղաթիռով՝ միլիարդների հասնող ծախսեր անելով, զրոյացրել էր համայնքի բնակիչների հետ ցանկացած շփում, մարդ, որը հիմնահատակ աղտոտել էր հիվանդանոցների, ուսումնական հաստատությունների եւ ընդհանրապես մարզային ցանկացած հաստատություններում տիրող մարդկային մթնոլորտը ու բոլորին պարտադրում էր աշխատել իրեն հարազատ՝ «կգբեականի» մեթոդներով, իսկ այդ հաստատություններից յուրաքանչյուրում իր «աչքերն ու ականջներն» էր նշանակել, հանկարծ այդքան ձայն հավաքեց իր ղեկավարած մարզում։

Ինչեւէ, իշխանափոխությունից հետո էլ նա առաջիններից էր, որ լքեց ՀՀԿ-ի խորտակվող նավը ։ Հիմա մեր տեղեկություններով՝ նա ապահով տանիք է գտել` ի դեմս իշխանությունների. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին նա պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի՝ Սյունիքի ռեյտինգային թեկնածուներից մեկին։ Ավելին, նա ջերմ կապեր ունի նոր իշխանության ԱԱԾ ղեկավարության հետ, ի վերջո, նա որոշ ժամանակ նաեւ այդ համակարգում է աշխատել։ Մի խոսքով՝ մեր օրերի ամենաճկուն պատեհապաշտներից մեկը, որը նախկին իշխանության հզոր հովանավորյալին թիկունքում ունենալով հանդերձ իր տեղն է գտել նաեւ նոր իշխանության արեւի տակ։ Հատկանշական է, որ շաբաթներ առաջ նրա անունը շոշափվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման իրականացնողների շարքում, հայտնի է, որ Հակոբյանին պատկանող ընկերություններից մեկն է գաղտնալսման սարքերի ներկրմամբ զբաղվում, չի բացառվում, որ իշխանությանը իր հավատարմությունը գին ունի եւ հենց այդ պատճառով էլ մեղավորներին չեն կարողանում «բացահայտել»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: