Սառը վերաբերմունք Պուտինից

Dec 12, 2018 Comments Off on Սառը վերաբերմունք Պուտինից

Վարչապետի պաշտոնակատար, խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ընտրությունները լուսաբանելու համար Հայաստան ժամանած արտասահմանցի լրագրողներին:

«Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերն ենք և որևէ մեկի ազդեցության տակ չենք», – ըստ Associated Press լրատվական գործակալության, ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի արտաքին առաջնահերթության մասին հարցին:

Նա հիշեցրել է, որ Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ է համագործակցում: «Դա վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, այդ թվում՝ Կոսովոյում և Աֆղանստանում, մենք կշարունակենք այդ համագործակցությունը, բայց չենք ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին», – հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված ցույց տալու ուղերձ է: Սակայն հեղափոխության առաջին իսկ օրերից Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ակնհայտորեն դրել էր առաջնահերթ դիրքերում, ավելի ճիշտ՝ այդ հարաբերություններում բարդություններ չունենալու մարտավարություն էր առանձնացնում:

Սակայն, հետագա իրադարձությունները գնացին հակառակ հունով, թեև Փաշինյան-Պուտին հանդիպումները հաճախակի են: Մոսկվայից հնչեցին թե՛ քննադատական հայտարարություններ՝ Հայաստանում տիրող անորոշ իրադրության վիճակի մասով, թե՛ Քոչարյանի և Խաչատուրովի դեմ Մարտի 1-ի գործով գործընթացների շրջանակներում:

Այժմ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ստանում է շնորհավորանքներ՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, եվրոպական երկրներից, սակայն դաշնակից Ռուսաստանի ղեկավարությունն առայժմ չի շնորհավորել Փաշինյանին:

Մոսկվայից խորհրդավոր լռություն է: Դրա պատճառները կարելի է ենթադրել, թե որտեղ են «թաքնված»: Քոչարյանի կալանավորումը կրկին Մոսկվայի համար խնդիր է, այն էլ խնդիր, որը, կարծես, Մոսկվան «բացատրել» էր:

Դեռ երեկ կային տեղեկություններ, որ Կրեմլում մի «սառը» շնորհավորանք է նախապատրաստվում՝ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, սակայն այն առայժմ չի հրապարակվել և պարզ չի՝ արդյոք կհրապարկվի՞: Հնարավոր է այն հրապարակվի՝ այսօր, կամ վաղը: Սակայն պաշտոնական Մոսկվայից մեկ օր չշնորհավորելը՝ արդեն իսկ վերաբերմունքի հստակ ու կոնկրետ արտահայտություն է:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: