Ստեփանավանի հրդեհից մահացած ընտանիքի մայրը ուսուցչուհի էր/տեսաշար/

Dec 11, 2018 Comments Off on Ստեփանավանի հրդեհից մահացած ընտանիքի մայրը ուսուցչուհի էր/տեսաշար/

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում հրդեհից ընտանիք է կործանվել, նաև՝ անչափահաս տղա: Ընտանիքի մայրը մինչերկրաշարժյան Ստեփանավանի քարաշեն շենքում մեր հարևանուհին էր, ներկայումս ուսուցչուհի էր, նրա հետ տանը գտնվել են նրա դուստրը, թոռը, որդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է Գոհար Քալաշյանը։

«Վերջինս հիվանդանոցում է, տա Աստված, որ փրկվի… Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի ողբալի վիճակի մասին բոլոր ահազանգերը նախկին իշխանությունները ականջի հետև են գցել: Բայց այդ թաղամասի յուրաքանչյուր շենք՝ արդեն իր ժամանակն ապրած, կիսափտած, կիսաքանդ է, որտեղ բնակիչները հիմնականում վառարաններ են վառում, ահա՝ յուրաքանչյուր շենքը մի լուցկու տուփ է հիշեցնում, ամեն պահ կարող էր ողբերգություն տեղի ունենալ, ու…տեղի ունեցավ: Մարդիկ իրենց կյանքով են հատուցում նախորդ իշխանությունների անհոգի վերաբերմունքի համար, քանի որ այդ թաղամասի շենքերի կործանումը չտեսնելու էին տալիս՝ անօթևանների նոր քանակություն ի հայտ չբերելու համար: Այդ թաղամասը կառուցված է ռուսների կողմից, մարդկանց բնակարաններ էին հատկացվել՝ ժամանակավոր, բայց բոլոր փաստաթղթերում ու պետական բոլոր զեկույցներում ներկայացվել է, թե այդ մարդկանց պետությունը ապահովել է բնակարաններով: Հետագայում իշխանության եկած հանրապետականների օրոք, երբ Աշոտաբերդի շենքերն այլևս պիտանի չէին բնակության համար, բնակիչների բազմաթիվ բողոքները, ահազանգերը մնացել են ձայն բարբառոյ հանապատի: Միակ պատասխանն էր՝ Աշոտաբերդը ոչ մի ծրագրում ընդգրկված չէ, ֆինանսավորում չկա: Ահա և՝ պատասխանը: Մի ամբողջ ընտանիքի կործանում:

Ամբողջ թաղամասը գտնվում է համանման իրական վտանգի մեջ, ամեն պահի կարող է նոր ողբերգություն պայթել, նոր կյանքեր կարող են խլվել՝ Աշոտաբերդ կոչվող աղետի գոտում: Այո, դեկտեմբերի 7-ին խոսվեց Աղետի գոտու խնդրիրների մասին, ներողություններ հնչեցին, բայց որ Ստեփանավանն էլ է աղետի գոտու մեջ, որ իրական ընտանիքներ կան, որոնք փայտաշեն փտած շենքերում են ապրում, նույնն է թե՝ տնակներում, ու ամեն վայրկյան կարող են զոհ գնալ փլուզման կամ հրեհի կամ այլ աղետի, ընդհանրապես չհիշվեց, անգամ՝ Ստեփանավանի իշխանությունների կողմից:

Աղետի գոտին ստեփանավանյան այս ընտանիքի ողբերգությամբ ճչում է բոլորիս երեսին. Աղետի գոտի ասելով՝ նաև այլ տուժած բնակավայրերը մտաբերեք ու տեսեք իրական աղետալի պայմաններում ապրող իրական մարդկանց, որոնք վաղը միգուցե ինչ-ինչ իշխանավորների կոռուպցիայի, անհոգիության, անտարբերության կամ թալանի պատճառով այսօր հատուցում են կյանքով: Իմ խոր ցավակցությունը՝ մահացածների հարազատներին՝ իմ հարևաններին, ու ապաքինում, անպայման ապաքինում հիվանդանոցում գտնվող Դավիթին: Ես ահազանգ եմ հնչեցնում, ԱՀԱԶԱՆԳ՝ վտանգի մեջ գտնվող մի ամբողջ թաղամաս մարդկանց՝ երեխաների, երիտասարդների, կանանց ու տղամարդկանց անունից….»,- ասված է նրա գրառման մեջ։

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: