Ի՞նչ են հուշում նվազող քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանին

Dec 13, 2018 Comments Off on Ի՞նչ են հուշում նվազող քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանին

Անգլիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլը դիպուկ է բնութագրել` ասելով. «Ժողովրդավարությունը կառավարման շատ վատ ձև է․․․բայց մյուս ձևերն ավելի վատն են» : Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարնական ընտրությունների արդյունքը անվիճարկելի է հենց այս տեսանկյունից. վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի են ունեցել ընտրություններ, որոնց ելքը որոշել է ոչ թե կրիմինալը, ոչ թե ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը, այլ քվեախցիկ մտած քաղաքացին՝ իր ազատ կամքով: Սա կարևոր արձանագրում է առաջին հերթին Հայաստանի քաղաքացու համար:
Բայց մյուս կողմից ազատ ու ժողովրդավարական ընտրությունների արդյունքում առաջին անգամ ձևավորվեց խորհրդարան՝ առանց լուրջ ընդդիմության և քաղաքական նկատելի բազմազանության ։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքը միաբևեռ Ազգային ժողովն է: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է լինելու ընդամենը երեք քաղաքական ուժ, ինչը քաղաքական նշանակալի հետընթաց է: Նկատենք, որ երրորդ հանրապետության պատմության մեջ այսքան միատարր խորհրդարան մենք երբեք չենք ունեցել: 1995 թվականի հուլիսի 29-ին ձևավորված խորհրդարանում ներկայացված էր 5 քաղաքական ուժ՝ Հանրապետություն բլոկ՝ 42.66 %, Շամիրամ՝ 16.88 %,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 12.10 %, ԱԺՄ՝ 7,51 %, ԱԻՄ՝ 5,57 %: Երկրորդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել 1999 թվականի մայիսի 30-ին: Այն ժամանակ ԱԺ անցան 6 քաղաքական ուժեր՝ «Միասնություն» դաշինք` 41,69%  Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 12,09% ,
«Իրավունք եւ միաբանություն» դաշինք` 7,96% ,  ՀՅԴ` 7,86%, «Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28%,
Ազգային Ժողովրդավարական միություն` 5,17%: Երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 2003 թվականի մայիսի 25-ին, որի ընթացքում ԱԺ են անցել դարձյալ 6 քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 23,66 %, Օրինաց Երկիր՝ 12,60 %, ՀՅԴ՝ 11,45 %, «Արդարություն» խմբակցություն՝ 13,71 %, «Ազգային միաբանություն» կուսակցություն՝ 8,91 %, Միավորված աշխատանքային կուսակցություն՝ 5,67 %:
Չորրորդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել 2007 թ. մայիսի 12-ին։ Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 32.8 %, Բարգավաճ Հայաստան՝ 14.7 %, ՀՅԴ՝ 12.7 %,  Օրինաց Երկիր՝ 6.8 %, Ժառանգություն՝ 5.8 %, : 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններըը տեղի են ունեցել 2012 թ. մայիսի 6-ին, այդ ժամանակ անցողիկ շեմը հաղթահարեց 6 ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ,
«Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր» կուսակցություն՝ 6 մանդատ, ՀՅԴ՝ և «Ժառանգություն» :

Նախորդ խորհրդարանում՝ 2017 թվականի ապրիլի 2-ին ձևավորված 6-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված էր 4 քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 49,15 %, Ծառուկյան դաշինք՝ 27,35 %, ԵԼՔ դաշինք՝ 7,78 %, ՀՅԴ՝ 6,58 % : Այսօր ունենք ընդամենը երեքը. «Իմ քայլը» դաշինք՝ 70.43 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 8.27 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 6.37 տոկոս: Ինչպես տեսնում ենք «Իմ քայլը» դաշինքն ունի ոչ միայն պարզ մեծամասնություն, այլ նաև սահմանադրական մեծամասնություն: Խորհրդարանում հետզհետե նվազող քաղաքական ուժերը վկայում են պառլամենտական նշաձողի և քաղաքական որակի անկման մասին: Բացի այդ` ապագա խորհրդարանում մենք չենք ունենալու ազգային դիմագիծ ունեցող քաղաքական ուժ, որը մտահոգիչ է, որովհետև ցանկացած պետության քաղաքական բարձրագույն մարմնում ազգայնական գաղափարները կրող գոնե մեկ ուժ պետք է լինի՝ ներկայացվածության գոնե նվազագույն մակարդակով:Մենք իսկապես կարող էինք որակապես ավելի լավ խորհրդարան ունենալ, եթե բացի Իմ քայլը դաշինքից, ԲՀԿ-ից ու Լուսավոր Հայաստանից, Ազգային ժողովում գոնե ՀՀԿ-ին, ինչու չէ նաև ՀՅԴ-ին հաջողվեր ստանալ նվազագույն շեմին պակասող ձայները/ մյուսները, դատելով ստացած տոկոսներից,  ընդհանրապես շանս չունեին/:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: