Լուսավորի մութ առեղծվածը, ինչպես նա դարձավ ՀՀԿ

Dec 12, 2018 Comments Off on Լուսավորի մութ առեղծվածը, ինչպես նա դարձավ ՀՀԿ

Այսպիսով՝ հաշված օրերի ընթացքում, կձեւավորվի առանց ընդդիմության հետհեղափոխական Հայաստանի առաջին խորհրդարանը, որի կազմավորման ընթացքը գուցե ազատ, բայց կասկածելի է թվում: Կասկածելի է ինչպես որոշ ուժերի՝ այդ խորհրդարանում հայտնվելու լեգիտիմությունը, այնպես էլ որոշների դուրս մնալու իրողությունը: Ասենք գրեթե կասկած չէր հարուցում Սասնա ծռեր կուսակցության ընդգրկվածությունը ապագա խորհրդարանում: Ասպարեզ եկած ռադիկալ ուժը Նիկոլ Փաշինյանի ընդգծված այլընտրանքներից էր հատկապես Ղարաբաղի խնդրի կարգաորման վերաբերյալ իր անբեկանելի մոտեցմամբ, զենքով հարց լուծելու տրամադրվածությամբ: Ընդունենք, թե ոչ հանրության շրջանում քիչ չեն այն մարդիկ, որոնք գրեթե բոլոր, նույնիսկ հետհեղափոխական իրավիճակում վրեժի ծարավ ունեն, ասենք այդ խմբին չի բավարարում Նիկոլ Փաշինյանի բռնել-բաց թողնելու քաղաքականությունը, նրանք կարծում են, որ Հայաստանի ներքին տնտեսական եւ սոցիալական դժբախտությունների միակ ու գլխավոր պատճառը նախկին ռեժիմի պարագլուխների, կարկառուն դերակատարների թալանն է ու նրանց անհապաղ, մեկ օր առաջ բանտեր նետել է պետք: Հենց այս զանգվածն է, որ Ծռերի էլեկտորատի առյուծի բաժինն են կազմում եւ այս համատեքստում կուսակցությունը կարծես թե խորհրդարան անցնելու խնդիր չպետք է ունենար: Միգուցե քարոզարշավի մեկնարկին Նիկոլ Փաշինյանի խիստ նախազգուշացումից հետո Սասնա տղաների մարտավարության փոփոխության պատճառով է, որ նրանք զրկվեցին խորհրդարան անցնելու հնարավորությունից, քանի որ ակնհայտ կերպով ինչ որ պահից Ծռերը դարձան ավելի զգուշավոր, ավելի մեղմ եւ նահանջեցին Փաշինյանին քննադատելու դիրքերից: Թե միգուցե հանրությունն , ի վերջո, վերջին պահին նախընտրեց Փաշինյանին միայն այն բանի համար, որ այն, ինչ նրան հաջողվեց անել մերկ ձեռքերով, Ծռերը տապալեցին անգամ զենքով, մի բան պարզ է, որ կուսակցության խորհրդարան չացնելը դեռ երկար քննարկումների առիթ կդառնա:

Բայց առավել կասկածելի է Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանի մուտքը, որտեղ երեւացող եւ անտեսանելի մի շարք հանգամանքների համադրությունից էլ մեծ հարցական է կախվում՝ ինչպես ԼՀԿ-ն այդքան ձայն ստացավ, հատկապես, երբ շարունակում է շրջանառվել, որ նրանց շարունակում է հովանավորել նախորդ իշխանության շատ հայտնի ներկայացուցիչը, մնում է անհայտ, թե ինչու այս ուժն արժանացավ Փաշինյանի բարեհաճությանը: Իսկ որ միայն այդ բարեհաճության արդյունքում է Մարուքյանի ուժն անցնելու ԱԺ, երկու կարծիք լինել չի կարող: Նախ մինչ օրս մնում է չպարզաբանված՝ ԼՀԿ-ն հեղափոխական, թե հակահեղափոխական կուսակցություն է: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր պարոն Մարուքյանը քայլարշավի կուլմինացիոն պահերին ասպարեզ նետվել ու քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, առավել եւս ինչպես էր այդ ուժից արդեն պատգամավոր դարձած նախկին խմբագրի ղեկավարած կայքը հեգնում ու ծաղրում հեղափոխական Փաշինյանին՝ 1+1+1=0 վերնագրով եւ տրամաբանությամբ նյութեր սպրդում, սակայն հեղափոխությունից հետո կարծես դարձան մոլի հեղափոխականներ ու սկսեցին քծնողական քաղաքականությունը: Այս պարագայում էլ միեւնույն է անհայտ է՝ ինչու ընտրողը պետք է ձայն տար ոչ թե Փաշինյանի ուժին, այլ Մարուքյանի, երբ վերջինը որեւէ քննադատությամբ, հակակշռմամբ չի ցուցադրել իր առավելությունը իրական հեղափոխականների նկատմամբ: Այս պարագայում է, որ խորհրդարան անցնելու միակ շանսը նրանք ստացել են Փաշինյանի բարեգթության շնորհիվ, ի վերջո, պետությունը ձայների պահուստային ֆոնդեր ունի՝ ոստիկանություն,դատապարտյալներ, որոնց կարող էր ուղղորդել, եւ վերջապես Մուկուչյանի ջանը սաղ լինի: Իսկ ամենաաբսուրդը ՀՀԿ-ի դուրս մնալն էր, միակ ուժը, որ բանավիճային եւ առհասարակ ցանկացած ֆորմատում ոչնչացնում է հեղափոխականների քայլերը՝ ի տես դնելով նրանց տկարամտությունը: Քարոզարշավի անգամ կարճ ժամանակամիջոցում էլ ամեն ինչ գնաց այնպես, որ պայքարը տեղափոխվեց երկու բեւեռ՝ ՀՀԿ-իշխանություն, իսկ այդպիսի ընդգծված տարանջատման, այլընտրանքի պարագայում խիստ կասկածելի է անղոցիկ նվազագույն շեմի բացակայությունը: Իսկզբանե ակնհայտ էր, որ Փաշինյանը խնդիր է դրել ՀՀԿ-ին ամեն գնով դուրս թողնել խորհրդարանից, այդպիսով չունենալ դիմակայություն, զերծ մնալ հրապարակային խայտառակություններից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: