Մարդու իրավունքների պաշտպանությունը արժանապատիվ կյանքի կարևորագույն հենասյուներից է. Արցախի ՄԻՊ

Dec 10, 2018 Comments Off on Մարդու իրավունքների պաշտպանությունը արժանապատիվ կյանքի կարևորագույն հենասյուներից է. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, ԱՀ անկախության հանրաքվեի 27-րդ և ԱՀ Սահմանադրության 12-րդ տարեդարձերի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Խորհրդանշականորեն Արցախում կա երկու եռատոն՝ մայիսի 9-ը և դեկտեմբերի 10-ը: Եթե առաջինը նվիրված է ռազմական հաղթանակներին (Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում և ՊԲ հիմնում), ապա երկրորդը՝ իրավական հաղթանակներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունում, ԱՀ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՀ Սահմանադրության ընդունում): Ուստի, շնորհավոր բոլորիս եռատոնը, թո՛ղ հաղթանակները հայության կյանքից անպակաս լինեն:

Կիսատ կլինեին մեր ռազմական փառահեղ հաղթանակները, եթե մեզ չհաջողվեր այլ ոլորտներում ևս հաղթանակներ կռել: Ռազմի դաշտում մեր հայրերի և եղբայրների թափած արյունը նպատակ ուներ սեփական հայրենիքում կերտել արժանապատիվ և ապահով կյանք բոլորիս համար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է չմոռանալ իրենց պատգամը և անընդհատ բարձրացնել ու ամրացնել նրանց արյան վրա վեր խոյացող որմը: Մարդու իրավունքների պաշտպանության մշակույթը այդ արժանապատիվ ու ապահով կյանքի կարևորագույն հենասյուներից մեկն է, և պետության ու յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է երաշխավորել մարդու իրավունքների հանդեպ համընդհանուր հարգանքը մեր հասարակության մեջ:

Այդ ճանապարհին մեր լավագույն ուղենիշերից մեկը հենց Սահմանադրությունն է՝ որպես մարդու իրավունքների ու ազատությունների գլխավոր իրավական երաշխիք: Իսկ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, վերահաստատում եմ իմ հանձնառությունը հնարավորինս զորավիգ լինել մեր հայրենիքում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մշակույթի ապահովման գործին: Դա իմ և՛ մարդկային, և՛ քաղաքացիական, և՛ աշխատանքային պարտականությունն է… Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս եռատոնը. տևական բերկրանք, ամրություն ու արժանապատվություն յուրաքանչյուրիդ ընտանիքին»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: