Կուլիսային քննարկումն ու Ալիևի ախորժակը

Dec 12, 2018 Comments Off on Կուլիսային քննարկումն ու Ալիևի ախորժակը

Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, դեկտեմբերի 7-ին Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին։ Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, որովհետև Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ուղղակի շփում է եղել Ալիևի հետ։ «Զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից և այլն», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական Բաքուն…

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը», – ասել է Հ. Հաջիևը «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս երկու գործոնները շատ սերտորեն կապված են և փոխադարձաբար լրացնում են միմյանց: «Վերջերս զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», – ասել է Հաջիևը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կողմնակից է ստատուս քվոյի շուտափույթ փոփոխությանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով բազմիցս շեշտվել է ստատուս քվոյի փոփոխության կարևորությունը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», – ասել է Հաջիևը:

Նա նաև ասել է, որ զրույցի ընթացքում Ի.Ալիևը և Ն.Փաշինյանը քննարկել են «ձերբակալված անձանց» փոխանակման հարցը: Հաջիևը նաև մեկնաբանել է երկու երկրների միջև ուղիղ կապը: «Նման կապն առկա է: Բայց այն պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով չէ: Այն մեկ մակարդակով ցածր է և օգտագործվում է անհրաժեշտության դեպքում», – ասել է Հաջիևը:

Այսինքն, ի՞նչ է ստացվում…

Բաքուն արձանագրում է, որ քանի որ զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է՝ դա «շատ լավ նախադրյալ» է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար:

Այսինքն, Ադրբեջանը հստակ բացում է փակագծերը՝ մենք մեզ խելոք ենք պահում, որպեսզի՝ ապագայում բանակցություններում ստանանք մեզ համար ցանկալի՞ն…

Բացի այդ, Փաշինյանն ասում է՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը զրույցից մանրամասներ է պատմում: Հիմա ինչպե՞ս քննարկել՝ առանց հանդիպելու: Փաշինյանը դա «շփում» է անվանում, թեկուզ՝ զրույց, ամեն դեպքում քննարկում եղել է, անկախ նրանից, որ դա պաշտոնական հանդիպում չի եղել:

Ավելին, ըստ Ադրբեջանի նախագահի խոսնակի՝ քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը: Եթե բանակցությունների շարունակականության հարց է քննարկվում, ապա սա առավել քան, ըստ էության, թեմա է: Իսկ եթե ադրբեջանցի պաշտոնյան խաբում է, ապա պետք է հասկանալ՝ ինչո՞ւ: Ուրեմն՝ կա նպատակ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: