ՀՀ-ն պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալու միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերում. Զ. Մնացականյան

Dec 10, 2018 Comments Off on ՀՀ-ն պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալու միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերում. Զ. Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել  ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգին:

Իր խոսքում նախարարի ԺՊ-ն, մասնավորապես, ասել է.

«Վեհափառ Տեր,

Ձերդ գերազանցություններ,

Սիրելի բարեկամներ,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր Հայաստանում շատ կարևոր օր է: Այժմ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը, ընտրում է նոր՝ յոթերորդ գումարման խորհրդարան: Միևնույն ժամանակ, այսօր շատ կարևոր է հայ ժողովրդի համար և միջազգային հանրության համար, որովհետև այսօր նշվում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը:

Կոնվենցիան, դառնալով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, իր մեծ ներդրումն ունեցավ միջազգային քրեական իրավունքի ձևավորման հարցում: Ցեղասպանությունը որակվեց որպես հանցագործություն, որը դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից և որի համար պետք է պատժվեն թե՛ այն իրականացրած հանցագործները և թե՛ նրանց մեղսակիցները:

Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր այս դահլիճում են ցեղասպանության դեմ պայքարի ամենահայտնի կառույցները, համալսարանները, գիտական կենտրոններն ու թանգարանները ներկայացնող ցեղասպանագետներ, մեզ հետ է այսօր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, ցեղասպանության կանխարգելման գրասենյակի ղեկավար պարոն Ադամա Դիենգը, ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ պարոն Անրի Թիերոն, Զանգվածային ոճրագործությունների դեմ ուղղված դաշինքի ղեկավար տիկին Մո Բլեկերը և բնագավառի այլ կարկառուն ներկայացուցիչներ։

1998 թվականից ի վեր Հայաստանն իր գործընկերների հետ միասին ՄԱԿ-ի շրջանակներում աշխատում է ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման ուղղությամբ։ Ցեղասպանության վաղ կանխարգելման մեխանիզմները նպատակ ունեն արագ բացահայտել և արձագանքել այն ազդակներին և նախազգուշացնող նշաններին, որոնց անտեսումը կարող է հանգեցնել մարդկային մեծաթիվ կարուստների։ Աշխարհում նման վտանգների թիվը մնում է բարձր, ավելացել են մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների դեպքերը, ինչը հանգեցնում է քաղաքացիական բնակչության զոհերի։

Սա վկայությունն է այն բանի, որ աշխարհը թևակոխել է մի շրջան, երբ երկրների կողմից ավելի հաճախ են տեղի ունենում միջազգային պարտավորությունների խախտումները։ Ատելության, ծայրահեղականության, ռասիզմի, այլատյացության և խտրականության դրսևորումները շարունակում են ցնցել աշխարհը՝ առաջին հերթին թիրախավորելով ազգային և էթնիկ փոքրամասնություններին:

Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը: Մենք սա գիտենք մեր փորձից:

Կոնվենցիայի 70-ամյակն առիթ է միջազգային հանրության ուշադրությունը կրկին հրավիրելու ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի, այդ թվում՝ այն կանխարգելելու կարևորության վրա, և Հայաստանը հիրավի ստանձնել է այս աշխատանքների առաջամարտիկի դերը: Այսօր մենք պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք Ռաֆայել Լեմկինին՝ ականավոր իրավաբանի, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակին և Կոնվենցիայի հիմնադրին, ով իր ողջ կյանքը նվիրեց այս ոճրի դեմ պայքարին։

Ցեղասպանության դեմ կոնվենցիայի համընդհանուր վավերացումը ևս մեկ կարևոր քայլ է դրա կիրառելիությունն ապահովելու ուղղությամբ: Հայաստանը` որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում, միացել է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին և, օգտագործելով ՄԱԿ-ի տարբեր ընթացակարգերի, այդ թվում՝ համընդհանուր պարբերական դիտարկման հնարավորությունը, բարձրաձայնում է այս խնդիրը՝ ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը հրավիրելով այս հարցի կարևորության վրա:

Հիմք ընդունելով Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրը` 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն հռչակեց դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

Ցեղասպանության զոհերի հիշատակը մեր բոլորի սրտերում է, քանի դեռ մեր ականջին են ցեղասպանություն վերապրածների պատմությունները, քանի կա մեր ընդհանուր հիշողությունն ու ինքնությունը պահպանելու կամքը:

Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում՝ միշտ ամրագրելով «այլևս երբեքը»:

Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: Այս համերգով բացված եմ հայտարարում Երևանի Երրորդ Գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության և մշակույթի միջոցով ցեղասպանության կանխարգելման հարցերին:

Մինչ խոսքս ավարտելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ մասնակցության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Համահայկական բարեգործական ընդհանուր միությանը` այս համերգը հովանավորելու և այսօրվան միշտ աջակից լինելու, մեր երաժիշտներին մասնակցության համար, իմ գործընկերներին, որոնք բավականին մեծ աշխատանք տարան, որպեսզի մենք կարողանանք կազմակերպել այս Երրորդ ֆորումը։ Առավել ևս ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամին՝ Ադամա Դիենգեին` ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին, այսօր մեզ հետ լինելու և ֆորումին մասնակցելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: