Բաքվի կասկածելի ուրախությունը. երեքժամյա հանդիպման գաղտնիքը

Dec 12, 2018 Comments Off on Բաքվի կասկածելի ուրախությունը. երեքժամյա հանդիպման գաղտնիքը

Ղարաբաղյան հարցով բանակցությունները՝ արտգործնախարարների մակարդակով, կշարունակվեն հունվարին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Կարծում եմ, որ բանակցությունները, որոնք շարունակվեցին երեք ժամ, կարևոր և օգտակար էին՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու առումով: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները նույն ձևաչափով նաև առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ ամիս», – ըստ «Թրենդ» լրատվական գործակալության՝ ասել է Մամեդյարովը:

Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման վերաբերյալ հաղորդել է, որ այն ևս «միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին»։ «Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան», – ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Այսպես, Բաքուն փաստում է, երեք ժամ, կարևոր և օգտակար է ունեցել, ավելին՝ փաստում են, որ դրա նպատակը՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու համար է արվում:

Ինչո՞վ է պայմանավորված Բաքվի լավատեսությունը…

Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանի ելույթ ունենալով ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին՝ ևս անդրադարձել է Մամեդյարովի հետ հանդիպմանը՝ նշելով. «Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»: Ապա` նա հավելել է. «Խաղաղությանը նպաստող միջավայրն էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար: Այս առնչությամբ նշանակալի ներդրում կլինի Դուշանբեի համաձայնությունների, ինչպես նաև վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը»:

Պաշտոնական Երևանը, շարունակում է Դուշանբեի «համաձայնությունները» կարևորել, մյուս կողմից՝ դարձյալ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածություններին, կարծես, հպանցիկ են անդրադառնում, դրանք՝ հարկ էլ չհամարելով հիշատակել:

Այս պայմաններում, բոլորովին էլ տարօրինակ չէ, որ Բաքուն գոհ է ու երջանիկ: Սպասենք հետագա զարգացումներին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: