«Քնաբեր են տվել ու քարշ տալով տարել, անտառում կախել են ծառից…». նոր զարգացումներ զինվորի սպանության գործով

Dec 08, 2018 Comments Off on «Քնաբեր են տվել ու քարշ տալով տարել, անտառում կախել են ծառից…». նոր զարգացումներ զինվորի սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց Ալիկ Մաթևոսյանի գործի դատական քննությունը:

Այս մասին հայտնում է  1in.am-ը:

Ալիկ Մաթևոսյանի գործը կարելի է անվանել աննախադեպ: Ներկայումս նա առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի կարգավիճակով նստած՝ վկաների ցուցմունքներն է լսում մի գործով, որով արդեն 12,5 տարի պատիժ է կրել:

Գործը նույն մեղադրանքով նորից է մտել դատաքննության փուլ, քանի որ Եվրոպական դատարանը Ալիկ Մաթևոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանի բողոքը քննելով՝ ընդդեմ ՀՀ-ի որոշում է կայացրել՝ արձանագրելով, որ գործի նախաքննության ընթացքում ռազմական ոստիկանությունում Ալիկ Մաթևոսյանը ենթարկվել է խոշտանգումների, իսկ նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ գործը քննվել է նույն քննիչի կողմից, ով քննել է նաև նրան մեղսագրված արարքի վերաբերյալ գործը…

Ալիկ Մաթևոսյանը նախորդ դատաքննությունների ժամանակ ամբաստանյալի աթոռին մենակ չի եղել: Դատական ակտերով նրա հետ միասին համածառայողի դիտավորյալ սպանության համար մեղավոր է ճանաչվել նաև Ռաֆիկ Հ.-ն:

Զինվորի սպանությունը տեղի է ունեցել… 12,5 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 28-ին:

Ներկայումս էլ Ալիկ Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը այն հինն է՝ ըստ մեղադրանքի՝ Ալիկ Մաթևոսյանը լինելով ժամկետային զինծառայող, 2006 թվականի մարտին համածառայող, կոչումով շարքային Աղվան Հ.-ից ուզել է վերջինիս ձայնարկիչը՝ խոստանալով վերադարձնել սարքին վիճակում: Սակայն 2-3 օր անց Ալիկ Մաթևոսյանը ձայնարկիչը վերադարձրել է անսարք վիճակում, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել Ալիկի ու Աղվանի միջև:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկը շարքային Ռաֆիկ Հ.-ի հետ ծեծի է ենթարկել Աղվանին: Հետագայում, ըստ մեղադրանքի՝ Ալիկ Մաթևոսյանը Աղվանին սպառնացել է՝ կամ ինքն է կախելու վերջինիս կամ Աղվանը կախվելու է… ինքնուրույն:

Ըստ մեղադրանքի՝ 2006 թվականի ապրիլի 28-ին նրանք գնացել են հենակետ, իրենց հետ վերցրել են աթոռ, պարան ու մալուխ, գնացել են հենակետի հարևանությամբ գտնվող անտառ, հաստաբուն ծառի ճյուղից կապել են պարանը, բռնել են Աղվանի ձեռքերից, որպեսզի նրան բարձրացնեն աթոռին: Աղվանը, ըստ մեղադրանքի, հայհոյել ու ասել է, թե թույլ չի տա, որ իրեն կախեն: Սակայն Ալիկ Մաթևոսյանը Աղվան Հ.-ին սպանելու դիտավորությամբ նրա ոտքերի տակից հրել է աթոռը և այսպես՝ Ռաֆիկ Հ.-ի հետ կյանքից զրկել է համածառայակից Աղվան Հ.-ին:

Ալիկ Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարած դիտավորյալ սպանության ու զինծառայության կանոնագրքային կանոնների պահանջները խախտելու, համածառայակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 10-րդ և 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով:

Այս գործով առաջին դատական պտույտի ժամանակ Ռաֆիկ Հ.-ն ու Ալիկ Մաթևոսյանը մեղավոր են ճանաչվել վերոհիշյալ արարքների համար: Առաջին ատյանի դատարանը, այնուհետև վերաքննիչ դատարանը դատական ակտեր են կայացրել, մասնավորապես՝ Ալիկ Մաթևոսյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Սակայն մեղադրանքի կողմը դատական ակտերը բողոքարկել է, Վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերը ու պատիժները խստացնելու առումով գործն ուղարկել է վերաքննիչ դատարան, որտեղ կայացել է ևս մեկ դատաքննություն, արդյունքում Ռաֆիկ Հ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 13 տարի, իսկ Ալիկ Մաթևոսյանը՝ 15 տարի ազատազրկման:

Եվրոպական դատարան բողոք է ներկայացրել միայն Ալիկ Մաթևոսյանի շահերի պաշտպանը: Այդ ընթացքում Ռաֆիկ Հ.-ի՝ դեռ չկրած պատժաչափի վրա կիրառվել է 2013 թվականին ընդունված Համաներման ակտը, պատժի չկրած մասը կրճատվել է 6 ամսով, ու Ռաֆիկ Հ.-ն, փաստացի կրելով 12 տարի 6 ամիս 9 օր ազատազրկում, ներկայումս դուրս է եկել ազատություն: Իսկ Ալիկ Մաթևոսյանի մասով Եվրոպական դատարանի՝ վերահիշյալ որոշման լույսի ներքո ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի վերջին դատական ակտը, գործը վերստին ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այդ նոր քննության ծավալները, ինչպես մեր զրույցում ասաց Ալիկ Մաթևոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը, վերադաս դատարանի կողմից սահմանված չեն, և ընդհանուր իրավասության դատարանը ներկայումս վկաների հարցաքննության փուլում է: Միայն թե իրողությունն այն է, որ կատարած, թե չկատարած ծանր հանցանքի համար Ալիկ Մաթևոսյանը համարյա 13 տարի գտնվում է անազատության մեջ: Այսինքն, կարելի է ասել, նա մի ամբողջ պատժաժամկետ արդեն կրել է…

Պաշտպանը ստեղծված վիճակի բացառիկությունը՝ վատ իմաստով, ահա թե ինչպես ներկայացրեց: Մի կողմից՝ Եվրոպական դատարանը ու ՀՀ Վճռաբեկ դատարանը կարծես թե որոշումներ են կայացրել ի նպաստ Ալիկ Մաթևոսյանի՝ հնարավորություն է տրվել, որ նորից քննվի գործը ու, եթե կատարվել է դատական սխալ, այն ուղղվի: Սակայն մյուս կողմից՝ ի նպաստ կայացված որոշումներով Ալիկ Մաթևոսյանի վիճակը… վատթարացել է: Այսինքն՝ նա դատապարտյալի կարգավիճակից «ազատ անկում է կատարել» նորից՝ ամբաստանյալի կարգավիճակ: Եվ տվյալ կարգավիճակում նրա նկատմամբ չի կարող կիրառվել պայմանական-վաղաժամկետ ազատումը, չի կիրառվում Համաներման ակտը, Ալիկ Մաթևոսյանը չի կարող օգտվել ընտանիքի հետ երկարաժամկետ տեսակցությունների իրավունքից, որից օգտվում էր, երբ պարզապես դատապարտյալ էր… Այս ամենին հավելվում է նաև սթրեսային վիճակը, որում հայտնվեց Ալիկ Մաթևոսյանը, երբ վկաների հարցաքննությունը դատական այս նիստում այնպիսի ընթացք ստացավ, որ դատարանը, աշխատանքային օրվա ավարտի հետ կապված՝ չկարողացավ լսել պաշտպանի միջնորդությունը՝ պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Իսկ երբ դատարանը հաջորդ նիստը նշանակեց 2019 թվականի հունվարի 30-ին, ամբաստանյալը վեր թռավ տեղից, մինչ այդ դրսևորած պատշաճ վարքագիծը մոռացած՝ պոռթկաց. «Ես մարդ եմ, հերիք ա տանեք-բերեք…»:

Դատարանն այս նիստում նախ հարցաքննեց տուժողի իրավահաջորդին՝ կախելու միջոցով սպանված Աղվան Հ.-ի հայրիկին՝ Հարությունին:

Ճիշտ է, որդու մահից ավելի քան 12 տարի է անցել, բայց որդեկորույս ծնողը երբեք չի հաշտվում զավակի կորստի հետ, կարող էր թվալ, թե ի դեմս տուժողի իրավահաջորդի՝ Ալիկ Մաթևոսյանի դեմ ծառացած պիտի լինի վրեժի ու ցասումի մի հսկա ալիք: Սակայն…

Տուժողի իրավահաջորդը ցուցմունք տվեց բոլորովին այլ հանգամանքների ու իր որդուն կյանքից զրկելու՝ բոլորովին այլ շարժառիթների և գործող անձանց վերաբերյալ…

Այս գործով որպես Աղվան Հ.-ին կյանքից զրկելու շարժառիթ ընդունված՝ ձայնարկիչ փչացնելու, ապա դրա պատճառով վիճաբանության ժամանակ հնչեցված վիրավորանքների վարկածը առնվազն տարօրինակ է թվում ժամանակագրական անհամապատասխանության առումով: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Մաթևոսյանը տուժողի ձայնարկիչը վերցրել ու փչացրել է 2006 թվականի մարտ ամսվա ընթացքում: Աղվանին կախել են ապրիլի 28-ին: Եվ ըստ քրեական գործի նյութերի՝ հենց այդ օրը Աղվան Հ.-ն կոնֆլիկտ է ունեցել մայոր Ա.-ի հետ ու, ի պատասխան մայորի՝ Աղվանի մոր հասցեին հնչեցրած հայհոյանքի՝ հայհոյանք է հնչեցրել մայորի ծնողների հասցեին, դեռ քար էլ շպրտել է մայորի ուղղությամբ: Այնուհետև համածառայողների շարքի առջև Աղվանը ներողություն է խնդրել մայորից, իսկ դրանից հետո, ըստ որոշ վկայությունների, եղել է ընկճված: Այսքանից հետո առնվազն անտրամաբանական է թվում մարտ ամսին փչացրած ձայնարկիչի պատճառով համածառայակիցներ Ալիկ Մաթևոսյանի ու Ռաֆիկ Հ.-ի հետ կենաց ու մահու կոնֆլիկտի մեջ մտնելը… Կամ՝ առնվազն՝ կոնֆլիկտի պատճառը փչացած ձայնարկիչը չէր…

Աղվանի հայրը դատական այս նիստին որդու սպանության իր վարկածն առաջ քաշեց: Այդ վարկածում հիշատակվում են մարդիկ, ովքեր քրեական գործի քննության ընթացքում նույնիսկ չեն հարցաքննվել: Այսինքն՝ տուժողի իրավահաջորդի առաջ քաշած վարկածը կարող է հերքվել կամ հաստատվել ո՛չ տվյալ գործի քննության շրջանակներում:

Այնուամենայնիվ՝ ահա թե որն է տուժողի իրավահաջորդի վարկածը, որը նա դատական այս նիստին ներկայացրեց:

Ըստ Հարություն Հ.-ի՝ որդու զորամասի սպաները սպանությունից մոտ քսան օր առաջ ցանկացել են գառ ուտել: Կապան քաղաքում էր ապրում իրենց լավ ծանոթը՝ իր ընկերոջ մորաքրոջ որդին: Աղվանի միջամտությամբ՝ սպաները գառը գնում են այդ ծանոթից «նիսյայով»՝ գումարը խոստանում են տալ առաջիկայում:

Մինչ գառ ուտողները գառատիրոջը կվճարեին գառան արժեքը, Երևանում Աղվանի հայրը վիճում է գառատիրոջ բարեկամի հետ: Վերջինս զանգում է Կապան ու գառատիրոջն ասում է, թե Աղվանը վիճել է իր հետ, իսկ գառատերը զայրանում է ու մի խումբ երիտասարդների ուղարկում է զորամաս՝ գառի գումարը ստանալու:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ սպաները վախենում են առճակատումից, այդ երիտասարդների դեմ դուրս չեն գալիս: Ինքը չգիտի ու իր կարծիքով՝ էական չէ՝ գառան արժեքը վճարվե՞լ է, թե՞ ոչ: Սակայն այս պատմության պատճառով գառը կերած սպաները «լարվել էին» Աղվանի նկատմամբ՝ նրան համարելով գառատիրոջ հետ առճակատման պատճառ…

Ըստ տուժողի իրավահաջորդի վարկածի՝ որդու զորամասի հրամանատարի տեղակալը, իմանալով սպաների ու Աղվանի հարաբերությունների լարվածության մասին, ցանկանում է այդ լարվածությունն օգտագործել՝ իր նպատակին հասնելու համար: Իսկ հրամանատարի տեղակալի նպատակը, ըստ տուժողի իրավահաջորդի՝ զորամասի հրամանատարից ազատվելն ու նրա տեղը զբաղեցնելն էր:

Եվ ահա, ըստ տուժողի իրավահաջորդի, դեպքից օրեր առաջ զորամասի հրամանատարը Երևանում պառկում է զինհոսպիտալում՝ բուժման նպատակով, նրան փոխարինում է տեղակալը ու ծրագրում է զորամասում զինվորի սպանություն, որի պատճառով հրամանատարին պետք է հեռացնեին…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ հրամանատարի տեղակալ Ֆ.-ն կազմակերպում է մի իրավիճակ, երբ զինծառայողների աչքի առաջ ապագա զոհի հասցեին հնչում են վիրավորանքներ ու հայհոյանքներ. մայոր Ա.-ն ուղարկվում է տվյալ մարտկոցը ստուգելու, նրան դիմավորում է համազգեստի խախտումով, չսափրված, ճտքակոշիկների քուղերն արձակ վիճակում մոտեցած շարքայինը՝ մարտկոցի հրամանատար Աղվան Հ.-ն: Մայորը դիտողություն է անում վերջինիս, իսկ Աղվանը կոպիտ պատասխան է տալիս, ինչին ի պատասխան հնչում է ծանր հայհոյանք՝ Աղվանի մոր հասցեին:

Աղվանն էլ պատասխան հայհոյանքն է հնչեցնում և բոլորի աչքի առաջ հայտնվում է գերհուզական վիճակում:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ մայորը տվյալ մարտկոց ստուգման էր ուղարկվել հենց պահանջված հայհոյանքը հնչեցնելու և «ղալմաղալ սարքելու» համար…

Այնուհետև, ըստ տուժողի իրավահաջորդի՝ տվյալ մարտկոց հարևան զորամասից գնացած երեք զինծառայողներ, որոնց անձի վերաբերյալ տուժողի իրավահաջորդը կոնկրետ տեղեկություններ չհայտնեց, իր որդու սուրճի մեջ քնաբեր էին լցրել, քնեցրել էին նրան, ապա քնած վիճակում քարշ էին տվել անտառի խորքը, մալուխով կապել էին ձեռքերը՝ հետևի մասում, ու կախել էին հաստաբուն ծառի ճյուղից… Ձեռքերը հետևում կապված ու ծառի ճյուղից կախված զինվորի ինքնասպանության մասին, իհարկե, խոսք լինել չէր կարող, քննվել է սպանության գործ…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ որդուն քնեցնելու նպատակով նրան քնաբեր տալու, ինչպես նաև հրամանատարի տեղակալ Ֆ.-ի կողմից Աղվանի սպանությունը անձնական նպատակներով կազմակերպելու, հրամանատարից այդ եղանակով ազատվելու մասին իրեն հայտնել է ոչ այլ ոք, քան՝ զորամասի հրամանատար Ա.-ն, ով Աղվանի սպանությունից հետո մի քանի անգամ հանդիպել է տուժողի իրավահաջորդի հետ ու ամեն անգամ նոր տեղեկություններով «հարստացրել է» վերը ներկայացված վարկածը:

Պարզապես տարօրինակն այն է, որ իրեն հայտնի դարձած կարևոր տեղեկությունների մասին տուժողի իրավահաջորդը նախաքննական հարցաքննությունների ժամանակ ոչինչ չի հայտնել, գործի քննության ժամանակ չեն հարցաքննվել զորամասի հրամանատարը, նրա տեղակալը և այլ կարևոր անձինք՝ այս վարկածի հերքման կամ հաստատման առումով… Այս վարկածն այն ժամանակ գոյություն չի ունեցել…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ զորամասի հրամանատարը որդու սպանությունից հետո ծառայությունից ազատման դիմում է ներկայացրել այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, մի քանի օր հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին, ներկայացրել է իր տեղակալի նյութած դավերի մասին կասկածները, և Սերժ Սարգսյանը պատռել է դիմումը, ծառայությունից չի ազատել հրամանատարին, այլ տվյալ զորամասից տեղափոխել է նրա տեղակալին:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ իրեն հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն է հրամայել՝ էնպես քննեն ու գործը փակեն, որ իրականությունը չբացահայտվի, քանի որ խայտառակություն կստացվեր, եթե բացահայտվեր ու թերթերը գրեին, որ հրամանատարի տեղակալը հրամանատարից ազատվելու համար կազմակերպել էր զինվորի սպանությունը…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ որդուն կախելու վայրում կաշվե նստատեղով, առանց հենակի մետաղե աթոռակը դրված էր ձևի համար, այդ աթոռակին փոշի է նստած եղել, դրա վրա ոչ ոք չի կանգնել, այդ աթոռակը դրվել է՝ այլ վարկած ներկայացնելու համար: Այնտեղ նաև կոճղ է եղել՝ կախված զինվորի ոտքերի մոտ:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ իր տղային քնած վիճակում հասցրել են ծառին ու կախել են՝ որդին չի դիմադրել, նրա մարմնին այլ վնասվածքներ չեն եղել, միայն ոտքի վրա քերծվածք է եղել՝ դա էլ քարշ տալով նրան տանելու ժամանակ է երևի առաջացել…

Արտառոց այս վարկածի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ցուցմունքը, ապա նրա հարցաքննությունը բավական երկար տևեցին:

Հաջորդ վկայի հարցաքննությունը կիսատ մնաց: Հաջորդ նիստին դատարանը կշարունակի կիսատ հարցաքննությունը ու կհարցաքննի մյուս վկաներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: