Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Dec 10, 2018 Comments Off on Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Մենք առիթ ունեցել ենք գրելու և կանխատեսելու, որ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը կորոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ այն, որ այդ որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը, կասկածի տեղիք չի տալիս:

Կալանքի օրն էլ պատահական չէր ընտրված, քանզի այն քարոզչական շոուի կարևորագույն տարրերից էր դիտարկվել: Իշխող ուժին անհրաժեշտ էր «էլեկտրականացված» մթնոլորտ ապահովել և դա արվեց (այդ ծրագրի շրջանակներում էր նաև Սաշիկ Սարգսյանի որդու հայտնաբերման «պատահական» զուգադիպությունը կալանավորման որոշման հետ):

Փաշինյանը, փաստորեն, դավաճանեց հեղափոխության հռչակած սկզբունքներին և առաջնորդվեց ոչ թե սիրո, համերաշխության ու վենդետաներ չանելու, այլ ատելության, թշնամանքի, հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու, ինչպես նաև վենդետաներ իրականացնելու տարբերակով:

Սա նշանակում է, որ բացվում է այսպես կոչված «Պանդորայի արկղը», որի փակողն այլևս Նիկոլ Փաշինյանը չի լինելու: Այն կփակվի այլոց կողմից: Իսկ թե ինչպես կփակվի և ովքեր կընկնեն «գիլյոտինի» տակ, կխոսեք մեկ այլ առիթով: Այս պահին զուտ գնահատենք, թե ինչու հենց այսօր կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը:

Կալանավորումը հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները՝

1.քվեարկության նախաշեմին ստեղծել վախի մթնոլորտ հակառակ ճամբարում և այդ մթնոլորտում դեկտեմբերի 9-ին «խփել» այնքան տոկոս, որքան անհրաժեշտ է գերմենաշնորհային քաղաքական դաշտ ձևավորելու համար,

2.սեփական կողմնակիցների մոտ ապահովել էյֆորիայի ֆոն, որպեսզի այդ ֆոնի տակ հնարավոր լինի ցանկալի տոկոսները «խփել»:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ԱԺ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը հայտնվում է լուրջ կասկածի տակ, հատկապես որ նախկինում քննադատված կրկնաքվեարկությունների համակարգը չի կազմաքանդվել և կարող է ծառայեցվել արդեն իշխանության նոր տերերին: Դրա բոլոր նախադրյալները վերը նշված երկու կետերով ստեղծվել են:

Նման պայմաններում, երբ «Իմ քայլը» դաշինքի ղեկավարն օգտագործում է ուժային ու վարչական լծակները քարոզչական ու քաղաքական էֆեկտներ ապահովելու համար, ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ՝ անկախ դրանց անցկացման ձևից:

Ինչ վերաբերում է հետագա քաղաքական զարգացումներին, ապա ակնհայտ է, որ Քոչարյանի կալանավորումով մեր երկիրը թևակոխում է հետիշխանափոխության նոր փուլ: Այդ փուլում կա՛մ կլինի հեղափոխության արժեքների պաշտպանություն հեղափոխականներից, կա՛մ կլինեն է՛լ ավելի մեծ ցնցումներ: Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան մշուշոտ է դառնում, քանզի երկու դեպքում էլ նա արդեն կհայտնվի խաղից դուրս վիճակում, իսկ թե ի՞նչ կարգավիճակով, այս պահին կարելի է միայն ենթադրել:

Հայկ Ուսունց

7or.am

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: