Ի՞նչ է Ոստիկանությունը պահանջում NEWS.am–ից. գործակալության հայտարարությունը

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

Նախընտրական քարոզարշավի շրջանակում NEWS.am-ը հրապարակել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ուղիղ միացումները և գրառումները` նպատակ ունենալով ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի` հավասար պայմաններում լուսաբանվելու հնարավորությունը։

Այսպես, հրապարակվել են նաև ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, այդ թվում` «Արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան մեր թեկնածուների դեմ. Շարմազանովն անուն տվեց» և «ՀՀԿ-ի աջակիցներին հրավիրում են ոստիկանություն՝ բացատրական զրույցների․ Շարմազանով» վերտառությամբ տեղեկությունները։
Դեկտեմբերի 7–ի երեկոյան NEWS.am–ի խմբագրություն է այցելել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը և պահանջել տրամադրել վերոնշյալ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։

Փաստաբանների միջամտությունից հետո ոստիկանության աշխատակիցը NEWS.am–ին հանձնել է երկու գրություն, որոնցում մեջբերված են վերոնշյալ հրապարակումները և խնդրում են տրամադրել «վերոգրյալը հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր»։

Ոստիկանության աշխատակիցը հայտնել է նաև, որ սա իր վերջին այցը չէ, և այսուհետ պարբերաբար տարբեր հրապարակումների հետ կապված այցելելու են խմբագրություն` պահանջելով նմանատիպ ապացույցներ։ Ոստիկանության աշխատակցի այցի վերաբերյալ գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառումից հետո խմբագրություն է այցելել Ոստիկանության Շենգավիթի բաժնի երկու աշխատակից` փորձելով վստահեցնել, որ իրենք տեղյակ չեն` ով և ինչ նպատակով է այցելել գրասենյակ և պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել։

Նշենք, որ գրությունների բովանդակությունից ակնհայտ է, որ հարցում կատարողները գիտակցել են, որ խոսքը Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերի սղագրության մասին է և, բնականաբար, խմբագրությունում չէին կարող լինել «վերոգրյալը հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր», կամ, ինչպես բանավոր են ներկայացվել` ապացույցներ։

Ընտրություններից երկու օր առաջ լրատվական գործակալության խմբագրություն կատարած նման այցը, պարբերաբար վերադառնալու «սպառնալիքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն փորձ` ազդելու տարածաշրջանի և Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել ընտրությունների լիարժեք և համակողմանի լուսաբանումը։

Իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում նման գործելաոճն անընդունելի է և վտանգում է երկրում խոսքի ազատությունը։

NEWS.am–ը հայտարարում է, որ ինչպես և նախկինում, այսուհետ էլ աշխատելու է իր որդեգրած գործելաոճով, այն է` հասարակությանն ապահովել անաչառ և բազմակողմանի լրատվությամբ, և թույլ չի տա իր իրավունքների որևէ ոտնահարում, ինչպես նաև իր վրա ճնշման ուղղակի և անուղղակի որևէ փորձ։ 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ի՞նչ է Ոստիկանությունը պահանջում NEWS.am–ից. գործակալության հայտարարությունը”

Մեկնաբանել