Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնա կալանքի տակ՝ մի քանի պատճառով. «Հրապարակ»

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

«Հրապարակ»-ը գրել է. «Անիմաստ էր հապճեպ դատական գործընթաց ծավալելն ու հենց դեկտեմբերի 7-ին՝ ընտրություններից 2 օր առաջ որոշումը հրապարակելը եթե այն քաղաքական նշանակություն չէր ունենալու և չէր նպաստելու իշխանության քվեների աճին։

Եվ որքան էլ տարբեր իրավաբաններ ու մտավորականներ տարակուսեն, որ նման մեթոդներով քվեներ ապահովելն առնվազն անբարոյականություն է, կամ՝ այս որոշումը վկայում է մեր դատական համակարգի կախյալության մասին, մատնացույց անեն վերջին գաղտնալսման հրապարակումը, որտեղից երևում է, որ դատարաններին շարունակում են թելադրել և նրանց անկախության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը գնաց նման քայլի՝ չխորշելով այս բոլոր մեղադրանքներից։

Այս քայլի ողջ գաղտնիքը նրանում է, որ հասարակության լյումպեն հատվածը սպասում էր, անգամ տենչում էր նման որոշում և այս որոշումը մի լրացուցիչ ազդակ կլինի, որ մարդիկ գնան քվեարկության և իրենց ձայնը տան «Իմ քայլը» դաշինքին։ Չէ որ բռնելու-պատժելու-պատին ծեփելու-ասֆալտին փռելու խոստումներն անշեղորեն կատարվում են, իսկ հասարակության ինչ որ շերտ դրանից գոհունակություն է ապրում։ Այլ հարց է, որ կալանավորվածները հետագայում ազատ են արձակվում՝ գրավով կամ փաստերի անբավարարության հիմքով։ Ռ․ Քոչարյանի դեպքում նույնպես կարելի է կանխատեսել, որ որոշ ժամանակ անց նրա խափանման միջոցը կփոխեն։ Մի քանի պատճառներով․

Նախ, որովհետևՄարտի 1-ի բացահայտում «վերջից» սկսել հնարավոր չէ՝ սկզբում պետք է բացահայտվեն 10 անձի սպանությունն իրականացրած անձինք և կատարողներից պետք է գնան դեպի պատվիրատուներ և կազմակերպիչներ։ Ապա այն պատճառով, որ երկրի նախկին նախագահ կալանավորելն ու պատժելը խաղ ու պար չէ։ Եթե տարրական խնդիրներ չեն կարողանում նոր իշխանությունները լուծել, նման բարդ խնդրի լուծումից գլուխ հանելը գրեթե անհնարին է լինելու։ Եվ այս քայլն ուղղակիորեն խփելու է մեր երկրի հեղինակությանը։ Տասնամյակներ առաջ՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը բացահայտել եւ ձերբակալել էր (ընդ որում՝ ոչ անհիմն) Դաշնակցության պարագլուխներին, փակել էր ՀՅԴ-ն եւ նրա լրատվամիջոցները, կարճ ժամանակ անց բոլոր միջազգային բնույթի միջոցառումների, պետական այցերի, այլեւայլ շփումների ժամանակ մեր բոլոր պաշտոնյաներին հանգիստ չէին տալիս քաղբանտարկյալներ ունենալու, քաղաքական կուսակցություն փակելու, մեղադրանքների անհիմն լինելու եւ այլ բնույթի նախատինքով։ Բարձր պաշտոնյաներից մեկը մի առիթով խոստովանեց, որ հաճախ հրաժարվում էին տարբեր ֆորումներից, ուղևորություններից և էլ ավելի հաճախ հայտնվում էին անհարմար դրության մեջ՝ այնքան մեծ էր ճնշումը դրսից։

Բայց եթե անգամ դրսից ճնշում էլ չլինի, ի վերջո, մի օր հասարակությունը հասկանալու է, որ Քոչարյանին ձերբակալելով իրենց կյանքը չի լավանում։ Մի օր հարցնելու է՝ իսկ ինչով է Քոչարյանի մեղքն ավելի մեծ, քան Սերժ Սարգսյանինը՝ ինչու նրան էլ չեն առաջադրում մեղադրանք, կալանավորում, պատժում։ Այդ ինչ անձեռնմխելիություն է, որ սրբորեն գործում է մեկի դեպքում և բոլորովին չի գործում մյուսի դեպքում։

Թեև կարծում ենք, որ սա նախընտրական շոուի շրջանակներում է և ընտրություններում հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը կխաղաղվի, կհամոզվի, որ իշխանությունն իր ձեռքից ոչ մեկը չի խլում և շատերին ազատ կարձակի, հռետորաբանությունը կփոխի, իր ագրեսիան էլ կնվազի»։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնա կալանքի տակ՝ մի քանի պատճառով. «Հրապարակ»”

Մեկնաբանել