Քոչարյանը կդիմի եվրոդատարան

Dec 07, 2018 Comments Off on Քոչարյանը կդիմի եվրոդատարան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվել է և հրապարակվել է վճիռը, համաձայն որի ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները` առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։

Այս մասին դատական նիստի ավարտին, լրագրողներին հայտնել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Ըստ դատարանի` պետք է կալանավորվի»,– պատասխանելով լրագրողների` Քոչարյանին կալանավորելու հնարավորության մասին հարցին, ասել է Ալումյանը։ Հարցին, թե երբ է  կիրառվելու կալանքը, Ալումյանն ասել է` հարցրեք դատախազին: Ալումյանը նաև տեղեկացրել էր, որ կալանքի որոշումը բողոքարկվելու է:

Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել: Նիստին մասնակցող դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կայացված դատավճիռը քաղաքական որոշման հետևանք է, հայտարարել է, որ ոչ քաղաքական, ոչ էլ որևէ այլ ճնշում դատարանի նկատմամաբ չի եղել։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ  Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր,  և այդ ժամանակ Քոչարյանը մոտ երկու շաբաթ մնաց կալանքի տակ: Նրա կալանավորման որոշՎերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Հետագայում մեղադրող կողմը ներկայացվել էր  բողոք`Քոչարյանի կրկին կալանքի վերցնելու պահանջով:

Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

Մինչ դատարանի որոշման հրապարակումը տեղեկություն էր տարածվել, թե նախօրեին Ռոբերտ Քոչարյանին արգելվել է մեկնել երկրից:

Քոչարյանի մյուս պաշտպանը` Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է:

Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ներկա չի եղել որոշման հրապարակմանը, սակայն ըստ  Ռուբեն Սահակյանի  չի խուսափի, հավանաբար անձամբ կներկայանա քննչական մարմիններին: «Կամ կներկայանան, իրեն կառաջարկեն՝ գնանք մեկուսարան: Չեմ կարծում, որ ՀՔԾ-ն վայրկյան անգամ հապաղի, ներքաղաքական թոհուբոհ է, վաղը լռության օր է, հարկավոր է այսօր ամեն ինչ հրամցնել հասարակությանը, թե՝ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ին»,- ասաց նա:

Ռուբեն Սահակյանն ասաց, որ չեն սպասելու հայաստանյան դատական ատյանների սպառմանը, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ սա իրավական խախտումների տեսանկյունից աննախադեպ որոշում էր, կայացված է եղել ճնշումների ազդեցության տակ, դա բոլորի համար ակնհայտ է:

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: