Այս անգամ՝ ոչ վերելակում

Dec 09, 2018 Չի մեկնաբանվել

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ, այս մասին երեկ հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ համատեղ հայտարարության մեջ:

Նրանք ողջունել են Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունից հետո հրադադարի խախտման դեպքերի և զոհերի թվի զգալի նվազումը: Նրանք կողմերին կոչ են արել կյանքի կոչել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:

Համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունները՝ շարունակել ինտենսիվ աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու և հետագա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այդ և բարձր մակարդակով բանակցություններ նախապատրաստելու նպատակով նրանք համաձայնել են հանդիպել 2019թ. սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Եվ այսպես, կրկին համանախագահները հայտարարություն են տարածում, որտեղ չեն հիշատակվել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների, սահմանային միջադեպերի կանխման համար մեխանիզմների ներդրման մասին:

Հետևողականորեն միջնորդները սկսել են այս պահանջները չներառել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում: Փոխարեն նրանք պահանջում են՝ հստակ քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:

Այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանն այնքան են մոտեցել խաղաղության, որ արդեն պետք է հասարակություններին նախապատրաստե՞ն…

Բացի այդ, միջնորդները հույս են հայտնում, որ երկու երկրների առաջնորդների միջև հանդիպումները կվերականգնվեն մոտ ապագայում, այսինքն, ընտրություններից հետո պարզ է, որ միջնորդները ձգտելու են Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել:

Ու հետաքրքրականն այն է, որ համանախագահները ողջունում են շփման գծում հրադադարի խախտման դեպքերի զգալի նվազումը, արձանագրելով, որ այն տեղի է ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած զրույցից հետո:

Ստացվում է, որ Դուշանբեում վերելակի մեջ մի քանի րոպեանոց հանդիպման համաձայնությունն է այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համար միակ ձեռքբերումը:

Նման տեմպերով շարունակվելու դեպքում Պուտինը, վստահաբար, կփորձի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի ու Ալիևի համար նոր հանդիպում կազմակերպել: Այս անգամ, վստահաբար, ոչ վերելակում…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Այս անգամ՝ ոչ վերելակում”

Մեկնաբանել