«Ասֆալտին փռող» հայացքն ու դաշնակիցները

Dec 09, 2018 1 Comment

ՀԱՊԿ-ական բուռն իրադարձությունները շարունակվեցին երեկ:

ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է լինել «Բելառուսի ներկայացուցիչ», երեկ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք, և սկզբունքորեն որոշեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը»,- ասել է Լուկաշենկոն լրագրողներին Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովից հետո: Նա նշել է, որ բանակցությունների կողմերին հաջողվել է պայմանավորվել թեկնածուի ընտրության մեխանիզմի շուրջ:

Այս սենսացիոն հայտարարությանը հաջորդեց պաշտոնական Երևանի արձագանքը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասաց նա։

Դժվար է ընկալել Հայաստանի իշխանության համառությունը: Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցչի հարցը, թերևս, ՀԱՊԿ-ականների համար վաղուց սպառված հարց է: Եթե քննարկվում էլ է հարց, ապա դա ռուսաստանցի պաշտոնակատարի՞, թե՞ բելառուսցի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնելն է:

Այսինքն՝ Հայաստանը կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը, և դա շատ լավ գիտի Փաշինյանը, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ նա ցույց է տալիս, թե իբր Հայաստանը շարունակում է պայքարել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի կլիներ ԱԺ ընտրություններից առաջ այս հարցով հանրային քննարկումները փակել, բայց չստացվեց, անկախ նրանից, որ պաշտոնապես ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղար չի նշանակվել:

Ի դեպ, երեկ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին հարցին: «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ»:

Ապա, նա հավելել է, որ համոզված է, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: «Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք որպես ժողովուրդ պետք է մեր միջավայրը հասկանանք: «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, Փաշինյանը այժմ էլ ՀԱՊԿ-ականների դիրքորոշումն է ուզում հստակեցնել՝ ԼՂ հարցում: Բայց այդ դիրքորոշումը շատ վաղուց հայտնի է. ՀԱՊԿ մեր դաշնակիցները բազմիցս ապացուցել են, թե որքան են նրանց համար թանկ Ադրբեջանի հետ հարաբերությունները:

Բացի այդ, մշտապես ասվել է, որ Աստված մի արասցե, որ մեր սահմանների պաշտպանության հարցում ՀԱՊԿ-ականների հույսին մնանք: Ավելի լավ է, թող չխանգարեն, մեր սահմանները միայն հայ զինվորը պիտի պահի:

Այ, եթե Փաշինյանն, ինչպես երեկ համացանցն էր ողողվել նրա՝ Լուկաշենկոյին ուղղված սաստող՝ «ասֆալտին փռող» նրա հայացքով, կարողանա հասնել, որ Բելառուսն ու Ռուսաստանը չզինեն Ադրբեջանին՝ դա կլինի կոնկրետ ձեռքբերում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “«Ասֆալտին փռող» հայացքն ու դաշնակիցները” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    VAY KEZ HIMAR ARARAJ NUN ISK Q HOSIS ARANJ MDAJELU QARJELOV KEZ BIDI HAVADAN ?

Մեկնաբանել