Ի՞նչ է կատարվել հայտնի բանավեճի կուլիսներում. մանրամասնում է Քրիստինե Մելքոնյանը

Dec 07, 2018 Comments Off on Ի՞նչ է կատարվել հայտնի բանավեճի կուլիսներում. մանրամասնում է Քրիստինե Մելքոնյանը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարների միջև երեկ տեղի ունեցած բանավեճը ավելի քան 3 ժամ հեռուստադիտողին գամել էր հեռուստացույցի դիմաց: Բանավեճը իր տեսակով աննախադեպ էր: Համացանցում օգտատերերը ակտիվորեն քննարկում էին և զուգահեռներ անցկացնում բանավեճի և Եվրատեսիլի ու հեռուստաալիքների ամանորյա հաղորդումների միջև, Armdaily.am-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց բանավեճի հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը: Դժվար չէր արդյո՞ք նման լայնամասշտաբ բանավեճ կոորդինացնելը։ Ի՞նչ զգացողություններ ունեիք բանավեճը վարելիս։ -Դժվար չէր, պատասխանատու՛ էր։ Գործ ունեինք բարեկիրթ մարդկանց, քաղաքական դեմքերի հետ և ակնկալում էինք, որ կպահպանվեին և՛ բանավեճի, և՛ էթիկայի կանոնները։ Ուղիղ եթերում զգացողությունը միշտ նույնն է՝ հուզմունք, անհանգստություն, որի պատճառը բարձր պատասխանատվությունն է հեռուստադիտողի առաջ։ Ի՞նչ կարծիքի եք Վիգեն Սարգսյանի այն հայտարարության մասին, որ ասել էր, թե նման բանավեճի անցկացումը արդյունավետ չէ։ -Բանավեճի բոլոր մասնակիցները փաստեցին, որ նման ձևաչափն աննախադեպ է․ 11 մասնակից, երեքուկես ժամ ուղիղ եթեր, սա հնարավոր եղավ Հանրայինի մեծ թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ և այս փաստը որևէ մեկը կասկածի տակ չի դրել։ Որքանով էր բանավեճն արդյունավետ՝ կգնահատի հեռուստադիտողը։ Իր տեսակով բանավեճը իրոք բացառիկ էր՝ մի եթերում հավաքել վարչապետի բոլոր թեկնածուներին։ Կարո՞ղ եք մի օրինակ բերել միջազգային փորձից, որ նման բանավեճ էլի է կազմակերպվել։ Եթե այո, զուգահեռներ կարո՞ղ եք անցկացնել։ -Այս բանավեճի նախապատրաստական աշխատանքը բավական երկար է տևել։ Եվ այդ աշխատանքներում մեզ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել NDI-ի փորձագետ Ջեֆ Ֆոքսը։ Բանավեճի ձևաչափը լիարժեք համապատասխանում էր նման ձևաչափի միջազգային ընդունված կանոններին։ Հանրայինը ստեղծեց նախադեպ և մասնագիտական բարձր նշաձող սահմանեց։ Ի՞նչ ձևով են որոշվել բանավեճի վարողները։ -Կարող եմ ենթադրել, որ ըստ պրոֆեսիոնալիզմի (ժպտում է): Ինչպիսի՞ ցուցանիշ է գրանցել երեկվա բանավեճը։ Որևէ թվային տվյալ կա՞: -Թվային վերջնական ցուցանիշները դեռ չկան, բայց նախնական տվյալներով՝ դիտողականությունն աննախադեպ բարձր է եղել։ Ընդ որում, սա միայն հեռուստատեսային ցուցանիշն է, առցանց հարթակի տվյալները դեռ չեն հավաքագրվել։ Թեկնածուները, այսպես ասած, off the record ինչպե՞ս էին շփվում միմյանց հետ: -Իմ տպավորությամբ՝ իրար նկատմամբ շատ հարգալից էին։ Եվ, կարծում եմ, սա պետք է ոչ թե զարմանալի լինի, այլ՝ օրինաչափ։ Իրենց բնական կարիքները, ասենք ծխելու կամ սանհանգույցից օգտվելու կարիքները, ինչպե՞ս էին կարողանում զսպել 3 ժամից ավել տևած բանավեճի ընթացքում: Համացանցում օգտատերերի ակտիվ քննարկման հարցն էր դարձել այն: -Բնականաբար, այդ խնդիրը չէր կարող ուշադրությունից դուրս մնալ։ Եվ, իհարկե, կար նաև դրա լուծումը․ բանավեճից առաջ մասնակիցները տեղեկացվել էին, որ կարող են հոգալ իրենց կարիքները։ Տաղավարում կար պատասխանատու աշխատակից, որն, անհրաժեշտության դեպքում մասնակցին կուղեկցեր տաղավարից դուրս, ապա՝ հետ՝ տաղավար։ Բայց, ինչպես նկատեցիք, որևէ մեկը նույնիսկ մի քանի րոպեով չլքեց բանավեճը (ժպտում է): Մյուս հաղորդավար Արմեն Դուլյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ բանավեճի վերաբերյալ՝ ասելով, որ իր գործունեության վերաբերյալ ինքը երբեք չի խոսում, կարող է խոսել Ամերիկայի, Սինգապուրի մասին, բայց ոչ իր: Հաղորդավարը միայն պատասխանեց լայնածավալ բանավեճեր կազմակերպելու համաշխարհային նախադեպերին վերաբերող հարցին: «Չեխիայում ապրելու տարիներին՝ ես ինքս տեսել եմ նման բանավեճ, որտեղ հավաքված էին կուսակցությունների առաջին դեմքերը: Նման բանավեճ լինում է նաև Ամերիկայում, սակայն այնտեղ այդ դեբատները լինում են նույն կուսակցության ներկայացուցիչների միջև»,- ասաց հաղորդավարը:

Աղբյուր
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: