Ով ում «գնդակոծեց», հաղթողներն ու պարտվողները

Dec 08, 2018 Comments Off on Ով ում «գնդակոծեց», հաղթողներն ու պարտվողները

Հայաստանում շատ վաղուց բացակայում էր քաղաքական բանավեճի ու նախընտրական դեբատների մշակույթը: Վերջին բանավեճը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Այս առումով Հայաստանում, իսկապես, հեղափոխություն կատարվեց այս ընտրություններին ընդառաջ քաղաքական բանավեճերը դարձել են սովորական երևույթ, ավելին՝ քարոզարշավային ամեն օրվա ընթացքում առնվազն 2-3 բանավեճ է տեղի ունենում եւ անկասկած՝ ամենահետաքրքիրները հեռուստատեսային բանավեճերն են։

Չնայած այս կարճ ընթացքը ցույց տվեց, որ մեզ մոտ բանավեճերը դեռ հեռու են դասականից, որոնց իմաստն, ըստ էության, կողմերի միջև տարբերություններ արձանագրելն է, առաջարկությունների միջև համեմատություն դնելն ու էլեկտորատին կողմնորոշելու շանս տալը, եւ դրանք որպես կանոն վերածվեցին «մուսկուլների» ցուցադրության, ով ում լավ «շշպռեց», ում պորտը ինչպես տեղը դրեց, ով ամենաթույնը «ղժժաց» դիմացինի վրա , այդուհանդերձ Հանրայինի եթերում քաղաքական բոլոր ուժերի առաջնորդողների մասնակցությամբ բանավեճն ըստ էության պետք է ողջունել՝ հուսալով, որ նոր երևույթին լիովին հարմարվելու համար ընդամենը ժամանակ է պետք: Այսպիսով , ինչ տվեց այդ բանավեճը ՀՀ շարքային ընտրողին եւ առհասարակ քաղաքական ուժերին, դժվար է ասել, սակայն ստեղծվեց ընդհանուր տպավորություն եւ «բացվեց» մի քանի ճակատ, հենց որտեղ էլ կրքերը առավելապես թեժացան։

Առաջին ֆրոնտում, բնականաբար ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն ու Իմ Քայլը դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էին։ Առաջինը թիրախային հստակ շեշտադրումներով փորձեց մերկացնել իշխանության «աքիլեսյան գարշապարը», որն այս պարագայում մի քանիսն են՝ անվտանգություն, հայ առաքելական եկեղեցի, ազգային ավանդական արժեքներ, տնտեսության աճ, ներդրումներ եւ այլն։ Թե կողմերն ինչ ասացին իրար, ով ում ինչպես պատին ծեփեց կամ ինչպես Փաշինյանն ասաց «օրենքի տառին համապատասխան» փռեց ասֆալտին, կարծում ենք խայդ դրվագներին ականատես եղավ մի ողջ ազգ, որն իր էմոցիաները պարպեց համացանցում։ Մի բան կաող ենք արձանագրել, որ այս մարտից կարծես թե հաղթողներ ու պարտվողներ դուրս չեկան, քանի որ Վիգեն Սարգսյանի կողմնակիցները համոզված են, որ իրենք հաղթեցին, Փաշինյանի կողմնակիցները՝ վստահ են իրենց հաղթանակում։ Երկրորդ ճակատը բացվեց Էդմոն Մարուքյան-Գագիկ Ծառուկյան տիրույթում, ինչը միանգամայն հասկանալի էր՝ կռիվը խորհրդարանում երկրորդ տեղի համար է, Մարուքյանը հավակնում է նոր Հայաստանի նոր խորհրդարանում Ծառուկյանից նվաճել այդ տեղը, ինչի ճանապարհին Մարուքյանի համար ոչ այնքան հաճելի անակնկալներ բացահայտվեցին ու «քվիտ» դուրս եկան այն հարցադրումներում, թե ինչու է գործարար Ծառուկյանը ցանկանում նորից խորհրդարան անցնել։

Մի խոսքով՝ այս ճակատում էլ ոչ ոք շահած դուրս չեկավ։ Կրքերը թեժացան նաեւ Մենք դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանի եւ Սասնա Ծռերից Վարուժան Ավետիսյանի միջեւ, երբ Արամ Սարգսյանը շեշտեց ծռերի «մարդ սպանելու» եւ ապրելու բնական իրավունքին ընդդիմանալու սկզբունքի մասին, բանավեճից անմասն չմնաց երկրորդ տեղին հավակնող Էդմոն Մարուքյանը նաեւ։ Անկախ ամեն ինչից սոլիդությամբ բարձր մնաց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով «չքառատել» ՀՀԿ-ին, նրանց գնահատականը կտա ժողովուրդը՝ ընտրություններին։ Ինչ խոսք, ամենատխուր բանավեճը ծավալվեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, հարցն Արցախին էր վերաբերում, իսկ ՀՅԴ-ն գրոհեց մինչեւ վերջ՝ ցույց տալով Փաշինյանի երերուն անտեղյակությունը ընդհանրապես խնդրի վերաբերյալ։ Սրանով թերեւս Ռուստամյանը նաեւ «վրեժ» էր լուծում Փաշինյանի այն հայտարարության համար, որով «հակապետական» հռչակեց ՀՅԴ-ին պատկանող լրատվամիջոցը։ Փաշինյանի պատասխանները վերջինիս դրեցին այդ վիճակում։ Մյուս թեկնածուները դեկորացիոն ֆոն էին ավելի շատ ապահովում, նրանց կարելի էր փոքրիկ «լենինիկներ» կամ ավելի սազեկան է՝«նիկոլիկներ» անվանել, որոնք ինչպես Վիգեն Սարգսյանը նկատեց՝ ասպարեզ էին բերել հատուկ նպատակով։Բանավեճի ընթացքում ամենատհաճը ՕԵԿ առաջնորդին նայելն ու լսելն էր, նախկին ԱԽՔ-ը հրեշտակի թեւերով ասպարեզ էր իջել ու փորձում էր սրբագործվել։ Իհարկե, լավ կլիներ, որ որեւէ մեկը նրան հարց տար նախկին նախագահների օրոք կուտակած ահռելի կարողության մասին, բայց նրանով անգամ մրցակիցները հետաքրքրված չէին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: