Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բեռնատար Ford-ն ընկել է Դեբեդ գետը

Dec 06, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բեռնատար Ford-ն ընկել է Դեբեդ գետը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Համլետ Չոպիկյանը իր վարած Ford մակնիշի 35 ZL 729 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Հ. Չոպիկյանին և նրա ուղևոր՝ 33-ամյա Գուրգեն Խաչատրյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, որից հետո նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ավտոմեքենան գետից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: