Դասակարգային տարբերությունից մինչև պոպուլիզմ. ով ինչ ստացավ

Dec 07, 2018 1 Comment

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի  երեքուկես ժամ տևած «մեծ բանավեճը» կարծրատիպ կոտրող էր: Բանավեճի ամենամեծ ձեռքբերումը հենց բանավեճի փաստն էր, որն աննախադեպ էր, քաղաքական նոր մշակույթի սկզբնավորման առումով` դրական միտում: Պետք է նկատել, որ բանավեճը, գոնե հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից, մի քանի առանձին դիպվածները չհաշված, ստացվեց: Թեմաներն առնչվում էին կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացմանը, Արցախի ու անվտանգության խնդիրներին, սահմանադրական փոփոխություններին, պետական կառավարման կառուցվածքին, կար նաև միմյանց հարցեր ուղղելու հնարավորություն: Այս ձևաչափով բանավեճի հիմնական նպատակը ընտրողին կողմնորոշելն էր: Որքանով այն ծառայեց իր բուն նպատակին, դժվար է ասել, որովհետև հանրության նախընտրական տրամադրությունների էմոցիոնալ ֆոնը նպաստում է, որ ընտրողներից շատերն այդ բանավեճում տեսնեն, լսեն ու կարևորեն այն, ինչ ուզում են տեսնել, լսել ու կարևորել:

Ընդհանուր առմամբ բանավեճի բովանդակությունը ցույց տվեց, որ ներկայացված 11 քաղաքական ուժերի մոտեցումները տեղավորվում են հետհեղափոխական տրամաբանության մեջ, և այդ համատեքստում առավել քան ակնհայտ էր հեղափոխության դափնիներից իրենց բաժինը փախցնելու մոլուցքը, որը նկատելի էր բոլորի մոտ անխտիր` բացառությամբ ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի: Նիկոլ Փաշինյանը թերևս դրա կարիքը չուներ, որովհետև հեղափոխության գլխավոր շահառուն է, իսկ ՀՀԿ-ն ներկայացնող Վիգեն Սարգսյանը միակ արմատական ընդդիմությունն էր. հեղափոխությունից նրան միայն հարվածներ էին գալիս` ոչ մի օգուտ: Մնացածները ներկայանում էին որպես պրոհեղափոխական ուժեր: «Քաղաքացու որոշում» և «Ազգային առջընթաց» կուսակցություններն ըստ ամենայնի հեղափոխության նորելուկ «ճուտիկներն» էին, որոնք դեռ պետք է հասունան` ավելի լուրջ պրոցեսների մասնակից դառնալու համար: Լևոն Շիրինյանի փորձը` քրիստոնեական արժեքները համատեղել հեղափոխության ընձեռած հնարավորության հետ, տպավորիչ չէր: «Սասնա ծռերի» առաջին համարին չհաջողվեց կոծկել ծայրահեղ ազգայնականության ռիսկը, որն առկա է նրանց խորհրդարանում հայտնվելու դեպքում: Իսկ նախկին «Ելք» դաշինքի երկու թևերը` «Լուսավար Հայաստանն» ու «Մենք» դաշինքը, լինելով հեղափոխական արժեքների կրող, փորձում էին ներկայանալ որպես այլընտրանք կամ կառուցողական ընդդիմություն: Որոշ իմաստով դա նրանց հաջողվեց:

Հատկապես նախկին ռեժիմի հետ համագործակցած ուժերի հեղափոխական պաթոսն ու համատարած քծնանքը երբեմն անցնում էին բոլոր սահմանները: Բանավեճի ժամանակ առաջ քաշված թեզերից ակնհայտ դարձավ, որ եթե իշխանությունը անցնի Նիկոլ Փաշինյանին, ինչի հավանականությունը կասկած չի հարուցում, օրախնդիր է դառնալու դեկապիտալիզացիայի և սեփականության վերաբաշխման հարցը՝ որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն: Այս խնդիրը օրակարգային համարեցեին գրեթե բոլոր պրոհեղափոխական ուժերը, ընդ որում հարցն առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը` այդ մասին հարց ուղղելով «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդին: Քննարկման այդ փուլում թերևս առավել ցայտուն ընդգծվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և հեղափոխականների դասակարգային տարբերությունը: Ի վերջո, կապիտալի վերաբաշխման և ազգայնացման կոդեքսները ո՞ւմ կարող էին ավելի շատ անհանգստացնել, քան երկրի թիվ մեկ կապիտալիստին: Այս տեսանկյունից տարօրինակ է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գերպոպուլիստական կեցվածքը, որը, փրփուրը բերանին, պահանջում էր պարզել, թե ինչպես է Հայաստանից դուրս բերվել 30 մլդ դոլարի կապիտալ: Արթուր Բաղդասարյանի մտքով երևի չի անցել, որ լյուստրացիայի ժամանակ չեն մոռանալու, որ ինքն ունի ռեստորան Հյուսիսային պողոտայում, ոգելից խմիչքների գործարան Աշտարակում, հյուրանոց` Մատենադարանի մոտ և էլի այլ սեփականություններ:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, նկատելի էր, որ նրանք Արցախի հարցում սկզբունքային մոտեցում ունեն, սակայն կոռուպցիայի և ներքին ձախողումների համար պատասխանատվությունից թռչելու ավանդական ոճն ակնհայտ էր, իսկ հեղափոխականությունը` անհամոզիչ: Հին ընկերները պետք է հասկանան, որ անցել են դեմ ըլլալով կողմ ըլլալու ժամանակները: Իսկ բանավեճի գլխավոր հերոսը` Նիկոլ Փաշինյանը, ցույց տվեց, որ չեղած ձեռքբերումներ հորինելու և տնտեսական թվեր նկարելու հարցում ինքն ամենևին էլ չի զիջում նախկիններին: Բարելավված կյանքը, որի մասին խոսում էր Փաշինյանը, հավանաբար միայն ինքն է զգում: Ծրագրային հստակ մոտեցումներ ո՛չ Արցախի, ո՛չ արտաքին խնդիրների, ո՛չ էլ տնտեսության զարգացման հարցերում Փաշինյանը չներկայացրեց: Չներկայացրին նաև մյուսները:

Ամեն դեպքում, դեկտեմբերի 9-ին կերևա, թե ով ինչ ստացավ այս մեծ, հայկական բանավեճից:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Դասակարգային տարբերությունից մինչև պոպուլիզմ. ով ինչ ստացավ” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    NKUOL AFANDIN NUYN YRKNA AMEN ROBE VOROV URICH YRK JKIDI INJBES QASEN PTAMID A YV ???