Իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում

Dec 06, 2018 Comments Off on Իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մոդայիկ դարձած նախընտրական տարբեր ձևաչափերի բանավեճերում նկատվում է մի տխուր միտում. բանավեճի մասնակիցները հաճախ կապ չունեն նախապես արձանագրված քննարկման թեմայի հետ: Օրինակ, տնտեսության մասին բանավեճի հանրապետականներն ուղարկել էին Արտաշես Գեղամյանին: Կամ կոռուպցիայի մասին բանավեճի էր եկել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը՝ անհավասար պայմաններում հայտնվելով կոռուպցիայի խնդրի հետ մասնագիտորեն առնչված Արփինե Հովհաննիսյանի դեմ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել: Նկատելի է, որ բանավեճերը և դրանց մասնակցությունը հաճախ դառնում են անիմաստ, քաղաքական ուժերի ներկայացուցիչները դրանց մասնակցում են պարզապես մասնակցելու, հերթական անգամ եթերում հայտնվելու համար: ՀՀԿ-ի համար ցանկացած ֆորմատով բանավեճի ներկայությունն ունի կենսական խնդիր՝ քարոզչական այլ ձևաչափերից, մանավանդ հասարակության հետ ինտենսիվ շփումներից նրանք հասկանալիորեն այժմ կաշկանդվում են:
Մեդիադաշտը մնացել է միակ տեղը, որտեղ ՀՀԿ–ն կարող է իրեն հարմարավետ զգալ: Նույնը կարելի է ասել նաև սկսնակ կամ քիչ շանսեր ունեցող այլ ուժերի մասին, ովքեր, իհարկե, ի տարբերություն ՀՀԿ–ի, փողոց դուրս գալու կոմպլեքս չունեն, բայց ունեն ճանաչելիության խնդիր: Հետևաբար ցանկացած բանավեճի պատրաստ են այս կամ այն կերպ մասնակցել:

Առավել խնդրահարույց է, սակայն, իշխանության թիմի պահվածքը: Իշխանության քարոզարշավային հիմնական բեռը, ինչպես և ընդհանրապես քաղաքական ողջ բեռը, իր վրա վերցրել է Նիկոլ Փաշինյանը, որը մարզից մարզ, համայնքից համայնք ինտենսիվ քարոզարշավով է զբաղված: Փաշինյանից բացի նրա թիմի մյուս անդամները, բացառությամբ մի քանի ռեյտինգային թեկնածուների, զբաղված են, այսպես ասած, համամասնական ճակատը մեդիադաշտում պահելով: Ը

նդ որում՝ համոզված լինելով իրենց ուժի անվերապահ հաղթանակի մեջ, այդ ճակատը նրանք պահում են բավական սիրողական կերպով: Թերևս բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում: Թե ինչո՞ւ է որոշվում գնալ նման բանավեճերի նախապես արձանագրված թեմաներին ոչ կոմպետենտ անձանցով ու դրանով շանս տալով ՀՀԿ-ին գոնե մեդիահարթության մեջ իրենց հաղթող զգալ, առաջին հայացքից անհասկանալի է թվում:

Սակայն միայն առաջին հայացքից: Ակնհայտ է, որ իշխանության թիմի մասին ընտրողների հիմնական պատկերացումները ձևավորվում են Նիկոլ Փաշինյանի անձով: Փաշինյանն իր հերթին ակտիվորեն շրջում է մարզերում, զուգահեռ ամեն հանդիպման ժամանակ տաք պահում նաև ոչ մարզային, համապետական ընթացիկ քաղաքական թեմաները: Ասել է թե Փաշինյանը միաժամանակ ծածկում է բոլոր թիրախները:

Նրա թիմի խնդիրը, ըստ այդմ, պետք է լիներ ամեն մեկն իր ոլորտում ապահովել Փաշինյանի թիկունքը, կամ գոնե չխանգարել ու սպասել առաջնորդի հեղինակության հաշվին ձեռքբերվելիք ձայների հաշվին մանդատ ստանալուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: