Վտանգավոր իրավիճակ. հրապարակվել են ապացույցներ, որոնք օգտագործվելու են Փաշինյանի դեմ

Dec 07, 2018 Comments Off on Վտանգավոր իրավիճակ. հրապարակվել են ապացույցներ, որոնք օգտագործվելու են Փաշինյանի դեմ

Հայկական լրատվամիջոցներում պայթել է գաղտնալսման հերթական սկանդալը: Այս անգամ բացահայտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային զրույցը: Գաղտնալսումը ամիսներ առաջ հրապարակված ԱԱԾ պետ Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային զրույցի երկրորդ հատվածն է: Հեռախոսային զրույցում Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործ հարուցելու խնդիրը, նախազգուշացնում, որ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ, անգամ տեղեկացնում է, որ ռուսական հատուկ նշանակության կառույցների պատասխանատուները զանգել և զգուշացրել են ՀԱՊԿ նախագահին չդիպչել, քանի որ դա կհեղինակազրկի կառույցը: Ի վերջո, երկար քննարկումներից հետո Փաշինյանի ցուցումով որոշում են նրա նկատմամբ գործ հարուցել, իսկ ՀՔԾ պետն ու ԱԱԾ պետը համաձայնում են, որ դատարանը պետք է ՀԱՊԿ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառի գրավը: Առավել ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի զրույցը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ:

Այս հեռախոսային գաղտնալսումը շատ վգտանգավոր իրավիճակ է ստեղծում մի քանի առումով. նախ առաջին հերթին զրոյացնում է անվտանգության համակարգը, ցույց է տալիս, թե որքան թույլ է պետական անվտանգության մակարդակը: Փաստորեն մեր համապատասխան կառույցները ի զորու չեն եղել ապահովել երկրի առաջին դեմքի հեռախոսային կապի անվտանգությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Երկրորդ՝ հրապարակված ձայնագրությունը ի չիք է դարձնում անկախ դատական համակարգի մասին հեղափոխական բոլոր ճառերը: Այստեղ շատ հստակ երևում է, որ Քոչարյանին  կալանավորել են Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով և, որ ավելի վատ է, դատավորներին ԱԱԾ-ի միջոցով Փաշինյանի անունից հրահանգ է տրվել՝ ում նկատմամբ ինչպիսի սանկցիա կիրառել: Ձայնագրությունը վաղ թե ուշ կիրառվելու է այսօրվա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, որպես պաշտոնական դիրքի չարաշահման, դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փաստ: Կյանքը ցույց է տալիս, որ որ որևէ քաղաքական իրավիճակ հարատև չէ, և ժամանակի ընթացքում իշխանություններն ու առաջնորդները փոխվում են: Փաշինյանին չի հաջողվել մաքուր գործել՝ նա թողել է հետքեր, որոնք հետագայում օգտագործվելու են իր դեմ, երբ ինքն արդեն կունենա նույն կարգավիճակը, ինչ այսօր ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մյուս կողմից  հրապարակված ձայնագրությունը վտանգի տակ է դնում հեղափոխության առաջ քաշած բոլոր արժեքները: Այն, որ Հայաստանում դատավորները միշտ քաղաքական մահակ են եղել օրվա իշխանության ձեռքին, հայտնի է եղել, թեպետ իրեղեն ապացույցներ չեն հրապարակվել: Հիմա փաստորեն երկրում ոչինչ չի փոխվել՝ նախկինում դատարանները գործում էին Սերժ Սարգսյանի հրահանգով և կամքով, այժմ նույն բանն անում են Նիկոլ Փաշինյանի պահանջով՝ փաստացի ապացույցը հրապարակված ձայնագրությունն է: Փաստորեն հեղափոխությունը իրավիճակ չի փոխել, փաստորեն հեղափոխության արժեքները վտանգված են:

Մյուս կողմից՝ սա նաև հրաշալի փաստ է Քոչարյանի ու Խաչատուրովի դատապաշտպանների համար՝ հետագայում իրենց իրավունքները Եվրոպական դատարանում պատշպանելու համար: Այս հեռախոսազրույցը պետական ինստիտուտների՝ անվտանգության ինստիտուտի, դատական համակարգի ոչնչացման իրեղեն ապացույց է, սա երրորդ հանրապետության ամենամեծ խայտառակությունն է, որի հետևանքները մեր պետությունը դեռ երկար ժամանակ չի կարողանալու թոթափել:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: