Աշխարհն «ապակայունացնողները». ՆԱՏՕ-ականները վճռում են թշնամիների բախտը

Dec 06, 2018 Comments Off on Աշխարհն «ապակայունացնողները». ՆԱՏՕ-ականները վճռում են թշնամիների բախտը

Բրյուսելում երեկ մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի՝ նաև Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու, ռուսական ագրեսիային դիմակայելու հարցն է:

Սա Հյուսիսատլանտյան դաշինքի առաջին հավաքն է Ազովի ծովում՝ Ղրիմի ափամերձ գոտում անցած շաբաթ տեղի ունեցած ընդհարումից հետո, երբ ռուսական կողմը կրակ էր բացել ուկրաինական երեք ռազմանավերի վրա և ձերբակալել տասնյակ ուկրաինացի նավաստիների:

Միջադեպից անմիջապես հետո դաշինքի գլխավոր քարտուղարը դատապարտել էր Ռուսաստանին և ՆԱՏՕ-ի աջակցությունը հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հաղորդում է «Ազատությունը»: «Ուժի գործադրումը ոչ մի արդարացում չունի: Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և ազատ նավարկության հնարավորություն տա: Ուկրաինական նավերը՝ ռազմական ու քաղաքացիական, իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվել Կերչի նեղուցով ու Ազովի ծովով», – հայտարարել էր Յենս Ստոլտենբերգը:

Վաշինգտոնը ևս բավական կոշտ է արձագանքել: «Այս քայլով Ռուսաստանը ցույց տվեց, որ վստահելի գործընկեր չէ, ամեն քայլի պատրաստ է դրժել իր խոստումն ու պարտավորությունը», – Բրյուսել ժամանելուց առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը: «Ռուսաստանը փորձում է ուժով վերաձևել միջազգային սահմանները, միջամտել այլ պետությունների ժողովրդավարական գործընթացներին և կիրառելով վետոյի իր իրավունքը՝ խոչընդոտել այլ ժողովուրդների ազատ կամարտահայտությանը դիվանագիտական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում», – ասել է Պենտագոնի ղեկավարը:

Ռուսաստանի հասցեին հնչող այս քննադատությունների ֆոնին, այդուամենայնիվ, անորոշ է՝ կհամաձայնի արդյոք ՆԱՏՕ-ն ընդառաջել Կիևի խնդրանքին ու հավելյալ ուժեր տեղակայել Ազովի ծովում: Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ՝ հավաքի նախօրեին շեշտել է՝ դաշինքը պատրաստ է շարունակել քաղաքական ու գործնական աջակցությունը, սակայն խուսափել է հստակ մանրամասներից ու խոստումներից:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ընդգծված քաղաքական ու գործնական աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային և ավելացրել ենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում: Անշուշտ, հիմա մի փոքր վաղ է ասել՝ ինչ կորոշեն նախարարները հավաքի ընթացքում, սակայն ակնկալում եմ, որ դաշնակիցները լուրջ մտահոգություն կհայտնեն ստեղծված իրավիճակի կապակցությամբ», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ուկրաինայից բացի Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աջակցել նաև Վրաստանին: «Մենք աշխատում ենք Թբիլիսիի հետ՝ վրացական բանակի և ռազմածովային ուժերի արդիականացման ու առափնյա պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ», – հավաքից առաջ՝ երեկ Բրյուսելում հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:

Իսկ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին մեղադրել է աշխարհում իրավիճակն ապակայունացնելու համար: Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ժողովի նախօրեին ելույթ ունենալով Մարշալի հիմնադրամի կազմակերպած հավաքում, Փոմփեոն ասել է, որ այդ երկրները խախտում են միջազգային բազմաթիվ պայմանագրեր, ինչն ապակայունացում է առաջացնում աշխարհում:

Փոմփեոն նաև հերքել է միջազգային ասպարեզում միակողմանի վճիռներով գործելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգին հասցեագրված քննադատությունը: «Հետևելով մեր մեծ դեմոկրատիայի հրաշալի ավանդույթին, մենք արժանապատիվ պետություններին առաջնորդում ենք ազատ աշխարհակարգ կայացնելու գործում, ինչը թույլ կտա կանխել պատերազմները և հասնել առավել բարգավաճման: Մենք չենք ուրանում միջազգային ասպարեզում առաջատարի առաքելությունը և մեր բարեկամներին»,- ասել է Փոմփեոն: Նրա փոխանցմամբ, այդ առաջնորդությունը ենթադրում է ոչ թե թվացյալ, այլ իրական ազատական աշխարհակարգի կայացում: «Դա ջանքեր է պահանջում ոչ միայն Ամերիկայից, այլև աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներից»,- ասել է Փոմփեոն:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: