Նոր «բեսպրեդել».ով է դուխ տալիս Արարատի մարզպետին

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ: Լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին, որ մարզպետը չի ներել իր համակիրներից մեկին, ով հանդգնել է իր մասին ոչ մարզպետին վայել բառապաշարով խոսել: Տիգրան Պարսիլյանի նախընտրական կամպանիայի ներկայացուցիչները իրենց թեկնածուի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում արծարծել են մարզպետի անունը, իսկ ոմն Գեւորգ Բաբայան մարզպետի մասին ասել է «Գարիկ-մարիկները»: Եւ ահա, այս արտահայտությունը Արարատի մարզպետը կուլ չի տվել եւ հավաքել է յուրայիններին, ինչպես նաեւ Պարսիլյանի կողմնակիցներին ու հաշիվ է պահանջել իր՝ մեծն մարզպետի մասի այդպիսի անարգանքով խոսելու համար: Կրքերը թեժացել են, կողմերը ապավինել են բռունցքներին, մարզպետն անձամբ ծեծել է Գեւորգ Բաբայանին, ոստիկանություն հաղորդում է ներկայացվել եւ հիմա նյութեր են նախապատրաստվում:

Իսկական մի կաթիլ մեղր նորաթուխ մարզպետի ներկայացմամբ, որը մի քանի ամիս առաջ ընդամենը գյուղապետ էր եւ իր մաշկի վրա զգացել է նախորդ ռեժմի ճնշումները: Նոր Հայաստանի սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն իրականացրած այս պատանյակները հանդուրժողական չեն ոչ միայն մրցակիցների, օպոզիցիոն գործընկերների, այլեւս յուրայինների հարցում: Ըստ էության այս միջադեպը մերկացնում է նորերի ողջ փիլիսոփայությունը, որը հնի կարելի է ասել ավելի թարմ,եռանդուն մատուցումն է: Դեռ ինչեր կանեն այդ մարզպետները, եթե այսօր չեն հանդուրժում մարդկանց, որոնք չեն խոնարհվում, ակնածանքով չեն խոսում իրենց մասին եւ լինելով հասակակիցներ՝ կարող են թույլ տալ անունով եւ խոսակցական բառապաշարով խոսել: Վաղը մյուս օրը, երբ Փաշինյանի իշխանությունը ամրագրվի ընտրություններով, այս մարդիկ չի բացառվում, որ իրենց կալվածքներում մատուռներ սարքեն ու մարդկանց ստիպեն իրենց երկրպագել: Իսկ իրականում ոմանց համար այս չնչին թվացող միջադեպը այն բանի ապացույցն է, որ մանր ու միջին պաշտոնյաները առաջնորդվում են հեղափոխական լիդերի հռչակած սկզբունքներվ, չեն հանդուրժում որեւէ այլակարծություն ու պատրաստ են ասֆալտին փռել նույնիսկ յուրայիններին:

Նշենք, որ ֆեյսբուքի իր էջում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անդրադարձել է այդ միջադեպին. «Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, նա ազատվել է աշխատանքից:Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում:Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»:

Ինչպես ասում են՝ երեխան մեծանում է…անուղղելի:Ընկեր ջան, եթե չես հերքում միջադեպը, ապա գոնե պետք է հասկանայիր, որ քո թիմի ու դաշինքի վրա ստվեր գցողը հենց դուք եք, ոչ թե ԶԼՄ-ները:

Այնպես որ նոր բեսպրեդել է ի հայտ գալիս՝ ի դեմս երիտասարդ իշխանիկի, որը հավակնում է գերազանցել նախկին իշխանության իր կոլեգաներին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Նոր «բեսպրեդել».ով է դուխ տալիս Արարատի մարզպետին”

Մեկնաբանել