Քաղաքական որսի շրջանը համարվում է բացված

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

Քաղաքական որսի շրջանը արտահերթ ընտրություններին ընդառաջ կարող ենք համարել բացված: Արամ Հարությունյանի, Ֆլեշի Բարսեղի դեմ մեղադրանքներ հարուցելուց հետո իշխանությունն անցել է ակտիվ գործողությունների: Երեկ լրահոսում կայծակնային տարածում գտավ երկու ձերբակալությունների լուր, որոնք առանց բացառության կարող ենք քաղաքականների շարքը համարել:

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի ձերբակալության մասին: Վերջինս ըստ ԱԱԾ վարկածի` խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում` առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ այս կուսակցության նախագահը հանրահայտ Խաչիկ Ասրյանն է: Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի ձերբակալման մասին լուրն էլ դատախազությունը հաղորդեց: ՀՀ գլխավոր դատախազությունը պրոֆեսորին կասկածում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու մեջ (Քրօր․ 308-րդ հոդված, մաս 2 եւ 314-րդ հոդված, մաս 1)։ Նա, ըստ դատախազության, մեղավոր է ՀԷԿ շահագործող «Անի» ընկերությանը ցածր գնով՝ 22 մլն 695 հազար 306 ՀՀ դրամով Ամասիայի ջրանցքը՝ 1882 քմ մակերեսով, Ջրաձորի ջրանցքը՝ 5342 քմ մակերեսով, այն սպասարկող ենթակառուցվածքները՝ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քմ թունելը, օտարելու մեջ։ Նշված տարածքը, ըստ դատախազության, ընդհանրապես ենթակա չէր սեփականաշնորհման: «Օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244 մլն 600 հազար դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գնից»,- հաղորդում է դատախազությունը։ Գույքի գնահատումը, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ըստ նույն հաղորդման, տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 26-ին: Քրեական գործը, որի շրջանակներում Մարկոսյանին ձերբակալել են, հարուցվել է հոկտեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ վերջինս դեռեւս անցած տարի ազատվել է այդ պաշտոնից, լրատվականները հաղորդեցին նաեւ, որ այդ գործարքի ժամանակ Մարկոսյանը գտնվել է արձակուրդում: Թե ինչու է նա հայտնվել իրավապահների թիրախում, գտնվել է նաեւ այդ հարցի պատասխանը: «Անի» ընկերության տերը, ում տրվել է տարածքը, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանի հայրն է՝ Գեւորգ Մանուկյանը։ Նրան է պատկանում «Ջրաձոր» ՀԷԿ-ը, որի համար ջուրը վերցնում են Ամասիայի ջրանցքից։ Արդեն կարծիքներ կան, որ քրեական հետապնդման մարմնի թիրախում հենց գեներալ Մանվելն է, իսկ պրոֆեսոր Մարկոսյանն ակամայից հայտնվել է այս պատմության մեջ։ Առաջիկայում ըստ ամենայնի քաղաքական այս ոսը շարունակվելու է, Նիկոլ Փաշինյանը դրան նոր թափ կհաղորդի, երբ ադեն իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնի, իսկ դա ավելին է լինելու, քան ավտորիտարիզմը, ի վերջո, մեղադրանք է ներկայացվում մի մարդու, որը մեր երկրի լավագույն տնտեսագետներից մեկն է, մի քանի տասնյակ մենագրությունների հեղինակ, փոխարենը իրավական փաստերն են սարսափելի թույլ, ինչի մասին արդեն իսկ հավաստի տեղեկություններ են հրապարակվում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Քաղաքական որսի շրջանը համարվում է բացված”

Մեկնաբանել